Կարևոր իրադարձություններ

Մոտ ապագայում Ղարաբաղյան հակամարտության ավելի լայն կամ անգամ մասնակի կարգավորումը քիչ հավանական է. Stratfor

28 Ապրիլ, 2016 11:44
Մոտ ապագայում Ղարաբաղյան հակամարտության ավելի լայն կամ անգամ մասնակի կարգավորումը քիչ հավանական է. Stratfor

Մոտ երեք շաբաթ է անցել Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից ի վեր, որը կանգնեցրեց ավելի քան 20 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամենամեծ սրացումը։ Չնայած խոշոր ռազմական գործողությունները դադարեցին, հակամարտության քաղաքական հետևանքները շարունակվում են, գրում է Stratfor ամերիկյան հետախուզա-վերլուծական ընկերությունը։

 

Բախումները փոքր ծավալներով շարունակվում են՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Արևմուտքի պես խոշոր ուժերի դիվանագիտական ակտիվության ֆոնին։ Եվ չնայած բանակցությունները կարող են նոր թափ ստանալ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում տեղի չի ունենա։

 

Ինչպես նշվում է հոդվածում, Հայաստանը հայտարարել է, որ բախումների ժամանակ զոհվել է 92 մարդ, իսկ Ադրբեջանի պաշտոնյաները հայտնել են 31 զինվորի մահվան մասին, չնայած Ադրբեջանից որոշ չհաստատված տեղեկությունների համաձայն՝ այդ թիվը 93 է։ Հրադադարից հետո պարբերաբար տեղի են ունենում խախտումներ, սակայն զոհերի թիվը նվազել է, իսկ հակամարտությունը վերադարձել սրացումից առաջ առկա վիճակին՝ կոնֆլիկտ, որը ցանկացած պահի կարող է պայթել։

 

Statfor-ը գրում է, որ ռազմական գործողությունները նոր կյանք են հաղորդել հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին, իսկ խնդրի կարգավորման գործում ներգրավված ուժերի փոխադարձ այցերի շղթան ցույց է տալիս Կովկասի՝ աշխարհաքաղաքական առումով բարդ լինելը։ Արտաքին դերակատարներն այնտեղ իրենց ազդեցությունն ունեն ոչ միայն տարածաշրջանի երկրների իշխանությունների վրա, այլև այնտեղ ապրող մարդկանց վրա, գրում է կայքը՝ հիշեցնելով, որ օրինակ՝ Հայաստանում հարյուրավոր ցուցարարներ փողոց դուրս եկան ապրիլի 13-ին Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ բողոքելու համար:

 

Կայքը գրում է, որ Ադրբեջանը փորձարկեց հակամարտության ստատուս քվոն՝ ժամանակավոր սրելով լարվածությունը և խուսափելով ավելի մեծ պատերազմից։ Այս ռազմավարությունը ծառայում է Բաքվի ավելի լայն ռազմավարական շահերին՝ գրավելով խոշոր տարածաշրջանային խաղացողների ուշադրությունը և մեծացնելով հակամարտության բանակցված կարգավորման հասնելու հավանականությունը։

 

Եվ իսկապես, Կովկասի խոշոր արտաքին աջակիցները կենտրոնացրել են իրենց ուշադրությունը, գրում է կայքը՝ հիշեցնելով լրատվամիջոցներում հայտնված՝ հակամարտության կարգավորման Ռուսաստանի ծրագրի մասին (մեջբերելով «Իզվեստիա» թերթի համապատասխան հոդվածը- Խմբ.)։

 

Չնայած հակառակ հռետորաբանությանը՝ պարզ չէ, թե արդյոք Ռուսաստանը ցանկանում է փոխել տարածաշրջանում ստատուս քվոն, գրում է Stratfor-ը: Փոխարենը՝ Մոսկվան կարող է ավելի շատ շահագրգռված լինել ոչ սառեցված, ոչ թեժ, այլ կառավարվող հակամարտության պահպանման հարցում, որտեղ Ռուսաստանը խաղում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գլխավոր հաշտարարի դերը: Նման սցենարը կուժեղացնի Մոսկվայի ազդեցությունը երկու երկրներում, գրում է կայքը:

 

Գալիք շաբաթների ընթացքում Լեռնային Ղարաբաղում դիվանագիտական ակտիվության մակարդակը կշարունակի սովորականից բարձր լինել, քանի որ տարածաշրջանային դերակատարները ճնշում են գործադրում Հայաստանի և Ադրբեջանի վրա՝ խաղաղ բանակցություններ անցկացնելու համար։ Բայց  մոտ ապագայում կամ միջնաժամկետ հեռանկարում հակամարտության ավելի լայն կամ անգամ մասնակի կարգավորումը քիչ հավանական է, պարզապես չափազանց շատ բարդացնող գործոններ և կողմեր կան, որոնք շահագրգռված են համաձայնությունն արգելափակելու հարցում։ Այդ իսկ պատճառով ռազմական լարվածության սրումը կշարունակի հնարավոր լինել Լեռնային Ղարաբաղում, ինչը կունենա հետևանքներ,  որոնք դեռ իրենց ազդեցությունը կունենան վիճելի տարածքի սահմաններից դուրս, գրում է Stratfor-ը։

Լրահոս

Դիտել ավելին