Կարևոր իրադարձություններ

Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիների առողջական վիճակը կայուն է, հղիինը՝ բավարար. ՀՀ ԱՆ

28 Ապրիլ, 2016 10:02
Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիների առողջական վիճակը կայուն է, հղիինը՝ բավարար. ՀՀ ԱՆ

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող ավտոբուսի պայթյունից տուժած 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է, երկուսն է գիտակցության մեջ են. Tert.am-ին տեղեկացրին Առողջապահության նախարարության մամուլի բաժնից:


Նախարարությունից նշեցին, որ ստացված վերքերը տղաների մոտ բավական խորն են, և նման դեպքում առկա է առաջնային ինֆեկցիայի ներթափանցման վտանգ: Այդ իսկ պատճառով արդեն իսկ կատարվել է վերքերի մշակում, օտար մարմինների հեռացում և այս փուլում բուժօգնությունն ուղղված է եղել վարակների կանխարգելմանը:


Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում բուժումը շարունակում է վթարից տուժած 37-ամյա հղի կինը: Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար:


«Նա ունի սալջարդեր, արյունազեղումներ, որոնք երկրորդային են, այս պահին առաջնային է հղիության պահպանումը: Պտուղը չի տուժել, սակայն հետագա հետսթրեսային բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է մշտական հսկողություն: Պարբերաբար կազմակերպվում են նաև նեղ մասնագիտական` ակնաբույժի, նյարդաբանի խորհրդատվություններ: Ներկա դրությամբ կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածների առողջական վիճակի հսկողությունը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական ուշադրության կենտրոնում է»,- նշեցին ԱՆ մամուլի բաժնից:


Պայթյունից տուժած ընդհանուր հիվանդների առողջական վիճակի մասին տեղեկություններ կտրվեն ավելի ուշ:

 

Լրահոս

Դիտել ավելին