Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 27-ի գործն ինչ-որ ժամանակ հետո կբացահայտվի.ԱԺ նախագահ

27 Հոկտեմբեր, 2015 12:10
Հոկտեմբերի 27-ի գործն ինչ-որ ժամանակ հետո կբացահայտվի.ԱԺ նախագահ

Ազգային ժողովի շենքի բակում այսօր հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ պատգամավորները ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Լրագրողների հարցին ի պատասխան Գալուստ Սահակյանն անդրադարձավ հարցին, թե ինչու 16 տարի անց չի բացահայտվում այս ոճրագործությունը:

«Ես դա ասել եմ սկզբից, ասել եմ տարիներ շարունակ՝ գործն ինչ-որ ժամանակ կբացահայտվի: Դա կապված է մեր աշխատանքից, մեր պետության հզորությունից: Չեմ կարծում, որ ոճրագործները հենց թելադրված մարդիկ են, այլ ըստ երևույթին ինչ-որ մի ծիրում, ինչ-որ մի տեղ փորձեցին խանգարել մեզ»,- ասաց ԱԺ նախագահը:

Հարցին, թե քաղաքական կամք լինելու դեպքո՞ւմ էլ այս գործը չի բացվահայտվի, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ նման իրողությունները քաղաքական կամքով չեն բացահայտվում, իրավական փաստարկներով են բացահայտվում, որը չունենք այսօր:

«Իհարկե, եթե հնարավոր լիներ, կբացահայտվեր: Դրա համար ոչ միայն մտածող մարդկային ռեսուրսներ են պետք, այլ ավելի մեծ զինանոց պետք է ունենաք փոխաբերական իմաստով, որպեսզի հնարավորինս փնտրենք, գտնենք, կարողանանք ոչ թե մեր դատողություններով առաջնորդվել և ասել, որ իրավապահները կգտնեն կամ մենք կգտնենք, այլ Հայաստանի հզորությունն անպայման կգտնի»,- նշեց նա:

Ըստ Գալուստ Սահակյանի՝  Հայաստանը բավարար հզոր կլինի, երբ մեր ազգային խնդիրները հիմնականում լուծված լինեն, իսկ մեր ազգային խնդիրները դեռևս լուծված չեն: Հարցին, թե որն է հոկտեմբերի 27-ի պատմական դասը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Պատմական դասն այն է, որ ազգը պետք է կարողանա ավելի համախոհ լինել, իշխանությունները պիտի ի զորու լինեն, որպեսզի հնարավորինս ավելի մեծ վստահություն ունենան հասարակության մեջ: Հասարակությունը պիտի պատրաստ լինի ցանկացած խնդրի դեպքում աջայկցի պետությանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին