Կարևոր իրադարձություններ

Հաղթանակս նվիրում եմ զոհված հայրիկիս պայծառ հիշատակին. արցախցի մարզիկ

27 Ապրիլ, 2016 22:42
Հաղթանակս նվիրում եմ զոհված հայրիկիս պայծառ հիշատակին. արցախցի մարզիկ

Artsakhpress.am-ը գրում է.

 

Ապրիլի 22-24-ը Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության ուշուի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 4 երկրների հավաքական թիմեր Արցախից, Հայաստանից, Վրաստանից և Պարսկաստանից:

 

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կամավոր ֆիզկուլտուրայի մարզական ընկերության մանկապատանեկան մարզադպրոցի սանտաուշուի մարզիչ և ԼՂՀ ուշուի քունկ ֆուի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը նշել է, որ Ղազախստանն ու Թուրքմենստանը հրաժարվել են մրցաշարին մասնակցելուց:

 

 

«Արցախի հավաքական թիմում ընգրկված էր 8-12 և 12 -ից բարձր տարիքային խմբի 35 մարզիկ: Մարզիկների ընդհանուր թիվը կազմում էր շուրջ 250 հոգի: Արցախից մասնակցել են բոլոր մարզադպրոցների սաները: Ընդհանուր առմամբ՝ Արցախի թիմը նվաճել է 8 ոսկե, 12 արծաթե և 9 բրոնզե մեդալներ: Մեդալների քանակով Արցախը առաջին հորիզոնականում է»,-ասել է Դ. Գրիգորյանը:

 

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Դ. Գրիգորյանը նշել է, որ Լվով քաղաքում մայիսի 12-15-ը կայանալու է քունկ ֆուի Եվրոպայի առաջնությունը, իսկ մայիսի 16-22-ը Մոսկվայում էլ տեղի է ունենալու Եվրոպայի ուշուի առաջնություն:

 

 

«Միջազգային այս առաջնությունը մեծ փորձ է արցախցի մարզիկների համար, տարբեր հնարքների տիրապետող մարզիկների հետ գոտեմարտելով, մեր մարզիկները ձեռք են բերում փորձ ու հմտություն: Մայիսի 2-ից մարզիկները Հայաստանում կմասնակցեն ուսումնամարզական հավաքների, որպեսզի պատրաստվեն Եվրոպայի առաջնություններին»,-հավելել է Դ. Գրիգորյանը:

 

«Առաջ ես զբաղվում էի կարատե մարզաձևով: Արդեն մեկ տարի է, ինչ զբաղվում եմ ուշու-ով: Ընդհանուր առմամբ ստացել եմ 17 մեդալ՝ 10-ը կարատե, 7-ը ուշու, որից 5-ը՝ առաջին տեղ գրավելու համար: Ունեմ նաև 25 պատվոգիր: Ցանկանում եմ աշխարհի չեմպիոն դառնալ: Հաղթանակս էլ նվիրում եմ մայրիկիս ու բոլոր հայ մայրերին»,- անթաքույց հպարտությամբ ասել է առաջին տեղ գրաված Էրիկ Հովսեփյանը:

 

 

Հայաստանի Հանրապետության ուշուի միջազգային մրցաշարին մասնակցած ու առաջին տեղ գրաված Գրիգորի Հաջյանը նշել է, որ 4 տարի է՝ ինչ զբաղվում է ուշու մարզաձևով:

 

«Մասնակցել եմ շատ մրցույթների: Ստացել եմ 11 պատվոգիր, 7 մեդալ, որից 5-ը՝ առաջին տեղ գրավելու համար: Իմ այս հաղթանակը նվիրում եմ Արցախի պաշտպանության ժամանակ զոհված հայրիկիս պայծառ հիշատակին: Ես ուզում եմ դառնալ աշխարհի չեմպիոն (և կդառնամ), որպեսզի Արցախի հաղթական դրոշը ծածանեմ ամենուր»,-հուզախառն հպարտությամբ ասել է Գ. Հաջյանը:

 

Նշենք (խմբ), որ Գրիգորի Հաջյանի հայրը՝ Նորայր Հաջյանը զոհվել է ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ Թալիշի ինքնապաշտպանական մարտերում:

 

Նյութի աղբյուր՝ http://artsakhpress.am
 

Լրահոս

Դիտել ավելին