Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը ձախողվեց բանակցություններում և պատերազմ սանձազերծեց, բայց այստեղ էլ ձախողվեց. Է. Նալբանդյան

27 Ապրիլ, 2016 19:07
Ադրբեջանը ձախողվեց բանակցություններում և պատերազմ սանձազերծեց, բայց այստեղ էլ ձախողվեց. Է. Նալբանդյան

 Ադրբեջանի սանձազերծած պատերազմն առաջին հերթին նրա պատճառով էր, որ Ադրբեջանը ձախողվեց բանակցություններում. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ասաց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի այն հարցին, թե չի կարծո՞ւմ, որ պատերազմ վերսկսելու հիմնական պատճառներից մեկն էլ ռուսական կողմից Հայաստանին տրամադրվելիք ռազմական տեխնիկայի ուշացումն էր, որից օգտվեց Ադրբեջանը:

 

«Այն, ինչ-որ փորձում էին ադրբեջանցիները՝ իրենց համար բարենպաստ իրավիճակ ստեղծել բանակցային սեղանի շուրջ, բացարձակապես չստացվեց, որովհետև գիտեք, որ բանակցությունների համար հիմնախնդրի կարգավորման հիմնական փաստաթղթերը եռանախագահող երկրների՝ միակ միջազգային մանդատ ունեցող երեք երկրների նախագահների մակարդակով արված 5 հայտարարություններն են, որոնց մինչև հիմա Ադրբեջանը չի ուզում հղում կատարել և ձևացնում է, թե տեղյակ էլ չէ, թե խոսքը ինչի մասին է, կամ բավականին աղավաղված ներկայացնում է փաստաթղթերը, որոնք եղել են աշխատանքային փաստաթղթեր»,-ասաց նախարարը:

 

Ըստ նրա՝ վերջերս լսել է նույն ադրբեջանական կողմից, որ 2009թ-ից որևէ աշխատանքային փաստաթուղթ չի ներկայացվել եռանախագահների կողմից բանակցությունների ընթացքում:

 

«Բա ինչ՞ էին քննարկում եռանախագահները, նաև նախագահների մակարդակով՝ ներառյալ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ քննարկումներին, կամ ինչի՞ մասին էին քննարկում բազմաթիվ քննարկումների ժամանակ արտաքին գործերի նախագահների հանդիպումներին և եռանախագահների այցի ժամանակ տարածաշրջան: Այսինքն՝ ակնհայտ է, որ ձախողվեցին և փորձեցին ինչ-որ առավելություն ստանալ ռազմական գոտում և նորից ձախողվեցին»,-ասաց նա:

 

Էդվարդ Նալբանդյանը նշեց, թե իհարկե Ադրբեջանը ստիպված է լինելու վերադառնալ բանակցային սեղանին, որովհետև այլընտրանք չկա:

 

«Չկա համաշխարհային պատմության մեջ մի կոնֆլիկտ կամ պատերազմ, որից հետո չեն վերադառնում բանակցային սեղանին, որ լուծումներ գտնեն»,-ասաց նա:

 

Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց նաև Անվտանգության խորհրդի նիստին Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱԳՆ-ին ԼՂՀ-ին ռազմական փոխօգնության պայմանագրի հարցով հանձնարարականի գործընթացից:

 

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ՀՀ Նախագահի հանձնարարականն ընթացքի մեջ է։ Պայմանագիրը, որը ԼՂՀ-ի հետ միասին մշակվում է, պարզ գործընթաց չէ, և բավական աշխատանքի կարիք ունի:


«Երբ որ աշխատանքը ավարտվի, պահը լինի այնպես, որ կարելի է պայմանագիր կնքել, դա կիրականացվի»,-ասաց նա:

 

Նաև պատասխանելով այն հարցին, թե ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը պատերազմական ծանր օրերին հայտարարել էր, որ ՌԴ շարունակելու է մատակարարել զենք Ադրբեջանին՝ ի՞նչ քայլեր է ԱԳՆ-ն կատարել այդ ուղղությամբ, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ այդ հարցով զրույցներ եղել են, հանդիպումներ եղել են և կարծիքները հրապարակվել են: Նա հիշեցրեց, որ Ռոգոզինը իր գրառումը հետագայում հանել էր:


«Շահագրգիռ ենք բանակցությունների ճանապարհով խնդրի լուծմանը և շարունակում ենք այդ գործընթացը, ուստի պետք է նկատի ունենանք շատ այլ հանգամանքներ»,-ասաց նա:

  

 

Լրահոս

Դիտել ավելին