Կարևոր իրադարձություններ

Տղամարդկանց ցածր ձայնի առավելությունը. գիտնականներ

27 Ապրիլ, 2016 18:30
Տղամարդկանց ցածր ձայնի առավելությունը. գիտնականներ

Գիտնականները պնդում են, որ տղամարդկանց ցածր ձայնն էվոլյուցիայի ընթացքում ձևավորվել է ոչ թե հակառակ սեռին գրավելու, այլ մյուս տղամարդկանց վախեցնելու համար: Այս թեմայով ուսումնասիրությունը հրապարակվել է Proceedings of the Royal Society B: Biological Sciences ամսագրում:

Գիտնականների միջազգային խումբը փորձել է պարզել ձայնի բարձրության, գրավչության և իշխանության միջև կապը: Նախ կենսաբանները համեմատել են պրիմատների մի քանի տեսակների (մարդու, մարդանման կապիկների և կապիկների) արուների և էգերի ձայների տոների տարբերությունները:

Ուսումնասիրելով 1721 ձայնագրություն՝ գիտնականները պարզել են, որ այդպիսի տարբերություններ ավելի հստակ երևում են պոլիգամ տեսակների դեպքում, որոնցում արուները մի քանի էգ են ունենում: Նրանք ենթադրել են, որ «բազմակին»-պրիմատների դեպքում էգերի համար դաժան մրցակցություն է, իսկ սպառնալից ցածր ձայնով արուն ավելի մեծ հնարավորություններ ունի մրցակցին վախեցնելու: Միաժամանակ, ձայնի տոնի ամենաշատ տարբերություններ դիտվում են հենց տղամարդկանց և կանանց միջև, ինչը մատնանշում է Homo sapiens-ի պոլիգամ անցյալը:

Երկրորդ փուլում գիտնականները 258 կնոջ և 158 տղամարդու խնդրել են կարդալ նույն տեքստը: Յուրաքանչյուր կարդացողին հակառակ սեռի 15 ներկայացուցիչներ գնահատել են գրավչության 7-բալանոց համակարգով: Նաև տղամարդիկ գնահատել են այլ տղամարդկանց ձայները իշխողականության սանդղակով:

Պարզվել է՝ կանացի ձայնի բարձրությունը ոչ մի կերպ չի ազդում դրա տիրոջ գրավչության վրա: Իսկ տղամարդկային ցածր ձայները միանշանակ ավելի սեքսուալ են գնահատվել (կանանց կողմից) և ավելի իշխողական (տղամարդկանց կողմից): Գիտնականները նաև պարզել են, որ վիճակագրորեն ցածր ձայնի հետ գերակայության կապը 3 անգամ ուժեղ է եղել, քան գրավչության հետ կապը կանանց համար:

Այսինքն՝ ցածր ձայնի էվոլյուցիան տեղի է ունեցել ավելի շուտ արուների միջև մրցակցության ազդեցությամբ, եզրափակում են գիտնականները:

 

Լրահոս

Դիտել ավելին