Կարևոր իրադարձություններ

Քառօրյա մարտական գործողությունների ժամանակ բժիշկները պահպանել են «ոսկեժամի» սկզբունքը. Կ. Խաչատրյան

27 Ապրիլ, 2016 17:54
Քառօրյա մարտական գործողությունների ժամանակ բժիշկները պահպանել են «ոսկեժամի» սկզբունքը. Կ. Խաչատրյան

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց, որ մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը կորցրել է 4 սանիտարական մեքենա:
 

«Մի դեպքում զինվորի վիրավորվելու վայրը սահմանագծին այնքան մոտ էր, որ հակառակորդը նպատակային հարվածել է սանիտարական մեքենային: Բարեբախտաբար, տվյալ պահի դրությամբ անձնակազմը դուրսն է եղել, երբ որ մեքենան ամբողջությամբ տեղում պայթել է: Մյուս 3 մեքենայի վրա էլ կրակել են տարբեր տրամաչափի հրազենային զենքերով: Բոլոր դեպքերում էլ բժշկական անձնակազմը չի տուժել, վիրավորներ ունեցել ենք, բայց մահվան դեպք չի գրանցվել»,-ասաց Կամավոր Խաչատրյանը:

 

Նա նաև նշեց, որ քառօրյա պատերազմի օրերին ռազմական բժիշկները գերազանց աշխատանք են կատարել:

 

«Ռազմական բժիշկները քառօրյա պատերազմի օրերին, նույնիսկ մինչև առաջնագծից 10 կիլոմետր հեռավորության վրա կատարել են բացառիկ վիրահատություններ, այդ թվում՝ պլաստիկ վիրահատություն, որի արդյունքում զինվորի ստորին վերջույթները պահպանվել են, և նա այսօր քայլում է: Բացի այդ, բժիշկները կատարել են քներակի, սրտի և այլ վիրահատություններ: Այսպիսով, կարող ենք ասել, որ ռազմաբժշկական զորամասերում կազմակերպված աշխատանքը եղել է լիարժեք, որի արդյունքում գերազանցել ենք բոլոր ցուցանիշները, որոնք որ առ այսօր հայտնի են ռազմաբժշկական ծառայությանը»,-ասաց Կամավոր Խաչատրյանը:
 

ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի խոսքով՝ բժիշկները պահպանել են գոյություն ունեցող «ոսկեժամի» սկզբունքը, այսինքն՝ ցանկացած վիրավորի մեկ ժամվա ընթացքում տրամադրվել է կազմակերպված բուժօգնություն, ինչի արդյունքում հոսպիտալային օղակում նվազել է նաև մահերի թիվը:

 

Լրահոս

Դիտել ավելին