Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը հայտնվել է «անազատ մամուլ» ունեցող երկրների վերջին շարքում

27 Ապրիլ, 2016 17:39
Ադրբեջանը հայտնվել է «անազատ մամուլ» ունեցող երկրների վերջին շարքում

Կենտրոնակայանն ԱՄՆ-ում գտնվող միջազգային Freedom House կազմակերպությունն ապրիլի 27-ին հրապարակել է «Մամուլի ազատություն 2016» զեկույցը, որում աշխարհի 199 երկրի մեջ Ադրբեջանը նշված է «անազատ մամուլ» ունեցող երկրների վերջին շարքում՝ 189-րդ տեղում՝ ստանալով «անազատ» կարգավիճակ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ նշելով, որ Ադրբեջանն անցյալ տարի ևս գտնվել է «անազատ» երկրների շարքում, իսկ ինտերնետային ազատությամբ՝ «մասնակի ազատ» կատեգորիայում:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում դժգոհների հարթակներն ավերող իշխանությունը խորացրել է տեղեկատվական հոսքի նկատմամբ համակարգված վերահսկողությունը:

«Մամուլի ազատությամբ Ադրբեջանի հետընթացի պատճառն այն է, որ մինչ այժմ բացահայտված չէ ճանաչված լրագրողի սպանությունը: Ավելին, անցյալ տարի Եվրոպական խաղերի շրջանակում իշխանությունը սահմանափակումներ է կիրառել լրագրողների նկատմամբ», -ասվում է զեկույցում:

Freedom House-ն ընդգծել է, որ Անգոլայի և Ադրբեջանի հետ որոշ երկրներում բարձր մակարդակի շրջանակներում կոռուպցիայի մասին գրած լրագրողները ենթարկվել են խիստ իրավական հետապնդումների, ձերբակալվել կասկածելի մեղադրանքներով:

Զեկույցում ասվում է, որ աշխարհի բնակչության ընդամենը 13 տոկոսն է օգտվում «ազատ» մամուլից: Աշխարհի բնակչության 41 տոկոսը բնակվում է «մասնակի ազատ», 46 տոկոսը «անազատ» մամուլ ունեցող երկրներում:

Ըստ Freedom House-ի աշխարհում «ամենաանազատ» մամուլ ունեցող երկրներ են Ադրբեջանը, Բելառուսը, Կուբան, Էկվատորային Գվինեան, Էրիթրեյան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:

Ազատ մամուլ ունեցող երկրներ են Նորվեգիան, Բելգիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Դանիան, Անդորան, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան և Լիխտենշտեյնը:

Զեկույցում Հայաստանը նշված է 139-րդ տեղում, Վրաստանը 96-րդ տեղում:

Հեղինակավոր ամերիկյան The Washington Post թերթը «Ադրբեջանում անկախ մամուլի դեմ պատերազմ է հայտարարվել» վերնագրով հոդվածում գրել է, որ քննադատությունը խստորեն զայրացնում է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Նա լրագրող Խադիջա Իսմայիլովային բանտ է ուղարկել այն բանի համար, որ բացահայտել է երկրի ոսկու հանքերում նախագահի դուստրերի մասնաբաժինը: Դրանից հետո Panama Papers-ը հայտնաբերել է, որ այդ մասնաբաժինը շատ ավելի մեծ է: Տասնյակ բլոգերներ, լրագրողներ, ակտիվիստներ գտնվում են բանտերում: Իսկ արտասահմանում գործող ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքը չի վախենում Ալիևի ռեժիմին անհանգստացնող պատմությունների հրապարակումից: Օրերս հեռուստաալիքը տակնուվրա է արել զորքերի շփման գծում իրավիճակի սրացման ժամանակ զոհված ադրբեջանցի զինծառայողների թվաքանակի մասին պաշտոնական տվյալները, և հայտնաբերել, որ կորուստները մի քանի անգամ շատ են:

The Washington Post-ը Ալիևին խորհուրդ է տվել ժողովրդավարություն սովորելու համար դիտել Meydan TV:

Լրագրողներն առանց սահմանների կազմակերպությունն ապրիլի 20-ին հրապարակել է Մամուլի ազատության ինդեսքը, որում աշխարհի 180 երկրի մեջ Ադրբեջանը նշված է 163-րդ տեղում, Հայաստանը 74, Վրաստանը 64, Ռուսաստանը 148-րդ տեղում:

 

Լրահոս

Դիտել ավելին