Կարևոր իրադարձություններ

Համատեղ ջանքեր` ուղղված աուտիզմ ունեցողների ինտեգրմանը

27 Ապրիլ, 2016 16:06
Համատեղ ջանքեր` ուղղված աուտիզմ ունեցողների ինտեգրմանը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է ՌԴ «Մեր արևոտ աշխարհը» հաշմանդամների վերականգնողական կենտրոնի ղեկավար Իգոր Շպիցբերգին և Մոսկվայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Հովհաննես Սարուխանյանին։

Հայաստանում 2007-2015թթ. ընթացքում հայտնաբերվել և աուտիզմի 1039 առաջնակի ախտորոշված դեպք: Արմեն Մուրադյանի խոսքով` խնդիրը շարունակում է արդիական մնալ նաև մեր երկրում և պահանջում է համալիր լուծում։

Աուտիզմ ունեցող երեխաները ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ուշադրության կենտրոնում են։ «Աուտիզմ» ազգային հիմնադրամը, որը գործում է նրա բարձր հովանու ներքո, նպատակ ունի աջակցել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ նման խնդիրներ ունեցողների բուժման, վերականգնման, կրթության և սոցիալական ինտեգրման համար։ Աուտիզմ ունեցողների ինտեգրման նպատակով Հայաստանում գործում են մի շարք մասնագիտական հաստատություններ:

Իգոր Շպիցբերգը, շնորհակալություն հայտնելով ՀՀ առողջապահության նախարարին հրավերի համար, նշել է, որ աուտիզմով հիվանդների խնդիրն արդիական է ամբողջ աշխարհում։ Նա ներկայացրել է իրավիճակը Ռուսաստանում ու արտերկրում ՝ նշելով միջազգային կառույցների հետ իր ղեկավարած կազմակերպության համագործակցության և աշխատանքի արդյունքները։

««Մեր արևոտ աշխարհը» հաշմանդամների վերականգնողական կենտրոնը մասնավոր, ոչ առևտրային կազմակերպություն է՝ ստեղծված զարգացման առանձնահատուկ խնդիրներով երեխաների ծնողների և մասնագետների կողմից։ Կենտրոնի մասնագետներն արդեն 25 տարի օգնություն են ցուցաբերում աուտիզմով հիվանդ և զարգացման այլ խնդիրներով երեխաներին»,-ասել է Իգոր Շպիցբերգը։

Նա նաև ընդգծել է, որ կարևոր է ոչ միայն ծնելիությունը. կյանքի որակի բարելավումն ու սոցիալական ինտեգրման խնդիրները ևս մեզանում առաջնահերթություն են։

«Առհասարակ մոր և մանկան առողջապահության պահպանման հարցերն ամբողջությամբ գտնվում են ՀՀ կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում։ Վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել են որոշակի հաջողություններ՝ կապված մոր և մանկան մահացության ցուցանիշների էական նվազման հետ։ Ծնելիության խթանումը, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեր պետության համար ունեն ռազմավարական նշանակություն: Կյանքի որակի բարելավումն ու սոցիալական ինտեգրման հարցերը ևս առաջնահեթություն են»,-ընդգծել է Արմեն Մուրադյանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին այցի ու քննարկումներին մասնակցության համար՝ կարևորելով համատեղ ջանքերը աուտիզմ ունեցողների ինտեգրման գործում։

ՌԴ «Մեր արևոտ աշխարհը» հաշմանդամների վերականգնողական կենտրոնի ղեկավար Իգոր Շպիցբերգը և Մոսկվայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Հովհաննես Սարուխանյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ այցելել են «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն, ուր երկու հերթափոխով հաճախում է աուտիզմ ունեցող 115 երեխա:

Հյուրերը ծանոթացել են կենտրոնի պայմաններին, ինչպես նաև Իգոր Շպիցբերգը հանդես է եկել դասախոսությամբ: Այնուհետև, մասնագետներն այցելել են նաև «Արաբկիր» բժշկական համալիրի վերականգնողական մասնաճյուղ «ԱրԲԵՍ» առողջության կենտրոն:

 

Լրահոս

Դիտել ավելին