Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք կստանան

27 Ապրիլ, 2016 14:30
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք կստանան

Ապրիլի 27-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել ավանդական «Ծաղկահավաք» միջոցառումը: Ինչպես 2010թ.-ից ի վեր ամեն տարի, «Ծաղկահավաք»-ն իրականացվել է Հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

Այս նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում:

«Այս նախաձեռնությունը մի քանի տարիների ընթացքում դարձավ ապրիլի 24-ի բնականոն շարունակությունը: «Ծաղկահավաք»-ի գաղափարն այնքան համահունչ էր մարդկանց ակնկալիքներին, որ բոլորինը դարձավ՝ առավել մեծ արձագանք գտնելով հատկապես երիտասարդների շրջանում. սա է կազմակերպիչներիս ամենակարևոր ձեռքբերումը: Հարգանքի տուրք մատուցելու այն մղումը, որ տասնյակ հազարավորների ամեն տարի ապրիլի 24-ին բերում է հուշահամալիր, այժմ ամբողջականացվում է Ծաղկահավաքով»,-նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

«Այս միջոցառումը ներառում է իր մեջ փոփոխության, լավատեսության, վերածնունդի խորհուրդը. մի քանի օր առաջ՝ սրտի մորմոքով այստեղ բերված ծաղիկներն այսօր վերածվելու են գեղեցիկ բացիկների, որոնց վրա երախտագիտության խոսքեր կգրվեն, մի մասն էլ կօգտագործվի հողի մշակման համար, որի վրա նոր ծառեր կաճեն: Կարևոր է վառ պահել հիշողությունը, սակայն պետք է նայել առաջ և ստեղծել նորը, դառնալ ավելի ուժեղ և գիտակից՝ ինքներս մեր և մեր շրջապատի հանդեպ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ծաղկահավաքին մասնակցել են հասարական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, դեսպաններ և պաշտոնյաներ:

IMG_0389

IMG_0379

IMG_0376

IMG_0349

IMG_0335

IMG_0307

IMG_0298

IMG_0295

IMG_0273

IMG_0272

Լրահոս

Դիտել ավելին