Կարևոր իրադարձություններ

Արցախում զոհված զինծառայողների ընտանիքներին անհրաժեշտության դեպքում բնակարաններ կտրամադրվեն

27 Ապրիլ, 2016 13:31
Արցախում զոհված զինծառայողների ընտանիքներին անհրաժեշտության դեպքում բնակարաններ կտրամադրվեն

Արցախում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքները պետք է լինեն Երևանի քաղաքապետարանի ուշադրության ներքո: Այս մասին Երևանի ավագանու ապրիլի 27­ի նիստի ընթացքում նշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մինչև նիստի մեկնարկը քաղաքապետի առաջարկով Երևանի ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհվածների հիշատակը: «Մեր պարտքն է լինել զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների կողքին, նրանց մեր ուշադրության ներքո պահել: Իմ կողմից եղել են հանձնարարականներ` ուսումնասիրել զոհված, վիրավոր զինվորների ընտանիքների վիճակը: Հանձնարարական է տրվել ուսումնասիրել զոհված հերոսների ընտանիքների բնակարանների կարիքների հարցը: Նրանք, ովքեր վարձով են բնակվում Երևանում, մեր կողմից բնակարաններ կստանան: Այսինքն`եթե անհրաժեշտություն լինի, կապահովենք բնակարաններով»,­նշեց Տարոն Մարգարյանը: Նա նաև հավելեց, որ հանձնարարական է տվել հանրակրթության վարչությանը, որպեսզի հերոսների դպրոցներում ստեղծվեն նրանց անունը կրող անկյուններ: «Սերունդը պետք է տեսնի, թե ինչ հերոսներ է տվել իր դպրոցը»,­շեշտեց քաղաքապետը` հավելելով, որ ծրագրերն իրականացնելու համար համայնքային բյուջեում կրճատումներ կիրականացվեն`մշակութային միջոցառումների հաշվին: «Եթե հետագայում լինեն այլ առաջարկություններ, պատրաստ ենք քննարկել, թե որն է հնարավոր իրականացնել: Հետագա մեր ծրագրերում այս բոլոր ընտանիքները պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում»,­եզրափակեց քաղաքապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին