Կարևոր իրադարձություններ

Թթվածնի կարիք ունեի, որն օտար երկրում ինձ պակասում է. ապագա մայրիկ Անի Դաշյանը Երեւանում է

27 Ապրիլ, 2016 00:00
Թթվածնի կարիք ունեի, որն օտար երկրում ինձ պակասում է. ապագա մայրիկ Անի Դաշյանը Երեւանում է

Life.panorama.am-ը գրում է.

Մոսկվայաբնակ հաղորդավարուհի Անի Դաշյանն, ով հղիության վերջին ամիսներին էր գտնվում, այս օրերին Երեւանում է:

Մեզ հետ զրույցում Անին նախ պատմել է, որ շատ արագ է կայացրել Երեւան գալու որոշումը, որի համար հատուկ պատճառ չի ունեցել.

«Ինձ համար հատուկ պատճառներ պետք չեն Երեւան գալու համար. այսօր այստեղ եմ, որովհետեւ թթվածնի կարիք ունեի, որն օտար երկրում ինձ պակասում է: Անասելի կարոտ էի զգում ընտանիքիս անդամների, ընկերներիս ու հարազատներիս նկատմամբ, բացի այդ իմ քաղաքի ջերմության կարիքն ունեի, զգում էի, որ կարոտել եմ անգամ Երեւանի փողոցներով քայլող անծանոթ մարդկանց»,- նշեց նա:

Հղիության 7-րդ ամսում գտնվող Անի Դաշյանը հայտնեց, որ մեկնելուց առաջ բժշկի հետ չի հասցրել խորհրդակցել, բայց եւ ինքնազգացողության վատթարացում չի ունեցել.

«Շատ անսպասելի որոշեցինք, որ պետք է գանք Երեւան, ու քանի որ նախապես չէինք ծրագրել, ուստի բժշկիս հետ էլ չհասցրեցի խոսել ու թույլտվություն չվերցրեցի: Անկեղծ ասած, ճանապարհին շատ հանգիստ էի, քանի որ ամուսնուս հետ էի. Նա ինձ բերեց Հայաստան ու մի քանի օր հետո կրկին մեկնեց Մոսկվա, հուսամ՝ վերադարձիս ժամանակ էլ նույն կերպ հանգիստ կտանեմ թռիչքը»,- պատմեց Անին, իսկ մեր հարցին, թե մտավախություն չունի արդյոք, որ բալիկը ժամանակից շուտ կծնվի, ապագա մայրիկը պատասխանեց.

«Դեռ նման մտավախություն չունեմ, բայց եւ պատրաստ եմ ամեն ինչին. ի վերջո ինչ լինելու է՝ կլինի, իսկ մեզ համար կապ չունի, թե որտեղ կծնվի մեր բալիկը, գլխավորն՝ առողջ լինի»:

Հաղորդավարուհին, ով անասելի շատ է սիրում մեր մայրաքաղաքն, այս անգամ տխրեցնող փոփոխություններ է նկատել քաղաքում.

«Վերջին այցիցս հետո մեր քաղաքում, կարծես թե, միաժամանակ ոչինչ չի փոխվել ու փոխվել է ամենակարեւորը. այս անգամ անբացատրելի տխրություն եմ զգում, որը ասես կանգնած լինի Երեւանի օդի մեջ՝ քաղաքս տխուր է եւ իսկապես, ինչպե՞ս ուրախ լինի Արցախում տեղի ունեցած վերջին սարսափելի իրադարձություններից հետո: Քառօրյա պատերազմը բոլորիս ստիպեց ծանր ապրումներ ունենալ, տխրել, արտասվել, բայց միաժամանակ հպարտանալ մեր քաջ տղաներով, ովքեր հերթական անգամ իրենց խիզախությամբ ու կյանքի գնով ապացուցեցին, որ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»: Փառք մեր սահամանները պահող հերոսներին, փառք ու խոնարհում հերոսներ ծնած հայ մայրերին, Աստծո կամոք, թող էլ ոչ մի մայր արցունք չթափի զավակի կորստի համար, թող էլ երբեք պատերազմներ չլինեն»,- ավելացրեց Անին:

Վերադառնալով կարոտի զգացմանը՝ Անին առաջինը առանձնացրեց մայիկի հանդեպ կարոտն, ապա անդրադարձավ մյուսներին.

«Երբ Երեւանում չեմ լինում, առաջին հերթին կարոտում եմ մայրիկիս, ով անբացատրելի կարեւոր դեր ունի իմ կյանքում. կարոտել էի մեր զրույցները, երեւանյան զբոսանքները: Իհարկե, հասկանալի է, որ բոլորի համար էլ իրենց մայրերը ամենալավն են, այդ հարցը չի էլ քննարկվում, բայց ես մամայիս հետ անբացատրելի կապով եմ կապված. նա ինձ համար եւ մայր է, եւ քույր, եւ ընկերուհի, ում հետ կարող եմ զրույցել բացառապես բոլոր թեմաներով: Ընտանիքիցս հետո քայլերս տանում են ընկերներիս մոտ, որոնց եւս շատ եմ կարոտում. պատկերացրեք՝ երկար բացակայելուց հետո որքան բամբասելու թեմաներ կարող էին կուտակվել»,- ծիծաղելով նշեց հաղորդավարուհին:

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ Անիի ապագա որդուն: Հաղորդավարուհին վստահ է՝ տղան ծնողների նման շատ է սիրելու Երեւանը, ի վերջո, իր հղիության մասին Անին իմացել է Երեւանում:

«Որքան էլ գիտակցում եմ, որ Աստծո կամոք շատ շուտով մայրանալու եմ, միեւնույն է՝ ինձ այդ դերում չեմ պատկերացնում: Ամեն դեպքում սրտատրոփ սպասում եմ մեր հանդիպմանը: Ի դեպ՝ արդեն սկսել ենք նրա խնամքի հետ կապված գնումները, որը շատ հաճելի գործընթաց է»,- նշեց Անին՝ հավելելով, որ փոքրիկի անվան ընտրությունը դեռեւս չեն կայացրել:

Անի Դաշյանը հետադարձի տոմս դեռեւս չի գնել, բայց վստահ է՝ ամուսնու հանդեպ կարոտը նրան երկար չի պահի Երեւանում.

«Տասն օրից ավելի է, ինչ Երեւանում եմ, դեռեւս հստակ չգիտեմ, թե որքան կմնամ այստեղ, բայց պետք է խոստովանեմ, որ ամուսնուս հասցրել եմ շատ կարոտել, այնպես, որ որքան էլ սիրեմ Երեւանս, միեւնույն է ՝այստեղ երկար մնալ չեմ կարող»,- զրույցն ավարտեց ապագա մայրիկ հաղորդավարուհին:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

 

Լրահոս

Դիտել ավելին