Կարևոր իրադարձություններ

Ընթացիկ տարում կստեղծվեն 45 գյուղացիական կոոպերատիվներ, որոնց մի մասը` Շիրակի մարզում

26 Ապրիլ, 2016 20:03
Ընթացիկ տարում կստեղծվեն 45 գյուղացիական կոոպերատիվներ, որոնց մի մասը` Շիրակի մարզում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ապրիլի 26-ին հերթական աշխատանքային այցն է կատարել Շիրակի մարզ: Մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում համայնքների ղեկավարների և ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքներին առնչվող ընթացիկ հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, այլ պաշտոնատար անձինք:

«Շիրակի մարզը 2015 թվականին գյուղատնտեսության ոլորտում արձանագրել է բավականաչափ բարձր ցուցանիշներ, և հանրապետությունում այս առումով լավագույններից է: Հատկանշական է առաջընթացը վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացման, միջին բերքատվության ավելացման առումով: Անցյալ տարի մարզում 3750 հեկտարով ավելի հող է մշակվել, և վարելահողերի օգտագործման մակարդակը կազմել է շուրջ 86 տոկոս, ինչը նույնիսկ ավելի բարձր է հանրապետական միջին ցուցանիշից: Անասնապահության ոլորտում գրանցված արդյունքները նույնպես գոհացուցիչ են»,- նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի խոսքով` հացահատիկային մշակաբույսերի արտադրության առումով ավանդաբար առաջատար համարվող մարզը վերջին տարիներին մշտապես բերքատվության բարձր ցուցանիշներ է ապահովում: Հաղորդագրության մեջ նշված է. «2015 թվականին այստեղ ցորենի բերքատվությունը կազմել է 34,9 ց/հա, 7 տոկոսով ավելացել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները և 28 տոկոսով` համախառն բերքը: Նախարար Կարապետյանը հույս է հայտնել, որ դրական դինամիկան առաջիկա տարիներին կպահպանվի, քանի որ 1000 հա-ից ավելի աշնանացան է կատարվել նախորդ տարվա համեմատ։

Մարզը կարևոր դերակատարում ունի սերմնաբուծության և կարտոֆիլագործության զարգացման առումով, որտեղ նույնպես առկա են բարձր արդյունքներ: Նախարարը հավելել է, որ վերջին տարիներին նախարարությունը, բացի Գյումրու սելեկցիոն կայանից, որը պետական հաստատություն է և սահմանափակ ռեսուրսներ ունի, համագործակցություն է ծավալում նաև մասնավոր տնտեսությունների հետ: Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում հանրապետությունում սերմարտադրությունը զարգացնելու նպատակով արտերկրից ներկրվել են էլիտային և սուպերէլիտային սերմացուներ և վե րարտադրություն կազմակերպելու նպատակով տրամադրվել այդ տնտեսություններին, ինչը դրական արդյունքներ է ապահովել:

Իր խոսքում նախարարն անդրադարձել է նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին: Ըստ այդմ` ծրագրի առաջին փուլում մարզում նախատեսված 8 համայնքների փոխարեն խնայողությունների հաշվին լրացուցիչ աշխատանքներ են կատարվել ևս 8 համայնքում: Կառուցվել է 68 կմ ջրագիծ և 48 խմոց, արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 87 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 19 անիվավոր տրակտոր: Երկրորդ ծրագրում ընդգծված են 4 համայնքներ, սակայն նախարարի հավաստմամբ դրանց քանակը կրկնապատկելու և նույնիսկ եռապատկելու հնարավորություն կա:

Ընդգծելով կոոպերատիվների դերն ու նշանակությունը` նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականի վերջին ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքը, որով իրավական հիմքեր են ստեղծվել երկրում կոոպերացիայի զարգացման համար:

«Մեր առջև խնդիր ենք դրել խթանել հանրապետությունում կոոպերատիվների շարժումը, ինչը կավելացնի գյուղացիական տնտեսությունների եկամուտները և կհեշտացի աշխատանքները, այս ուղղությամբ նաև միջազգային կազմակերպությունների հետ ենք համագործակցության ծրագրեր իրականացնում: Նախատեսում ենք ընթացիկ տարում ստեղծել թվով 45 գյուղացիական կոոպերատիվներ, որոնց մի մասը` Շիրակի մարզում»,- նշել է նախարար Կարապետյանը:

Խորհրդակցության ընթացքում նախարարը պատասխանել է նաև ֆերմերների կողմից բարձրացված գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մի շարք հարցերի:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել Հոռոմ և Բենիամին համայնքների ֆերմերներ Սեդրակ Գասպարյանը և Անդրանիկ Խաչատրյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի:

Այնուհետև նախարարն ուղևորվել է «Բանդիվան կաթ» ՍՊԸ, ծանոթացել ընկերության ընթացիկ գործունեությանը: Ընկերությունը զբաղվում է պանրի և այլ կաթնամթերքի արտադրությամբ, իրացումը կազմակերպվում է ներքին շուկայում: Ընկերության սեփականատեր Դավիթ Կարապետյանի խոսքով` նախատեսում են ընթացիկ տարում շուրջ 30 տոկոսով ավելացնել սեփական արտադրանքի ծավալները: Ընկերությունը տոհմային երինջների ներկրման պետական ծրագրի շահառուներից է: ՀՀ գյուղատնտեսության նախարարության օժանդակությամբ ձեռք են բերել 92 գլուխ հոլշտին և շվից ցեղատեսակի հոլանդական երինջներ: Ծրագրից գոհ են, կենդանիները բարձր կաթնատվություն են ապահովում՝ մեկ կովը տարեկան 6000 լիտր կաթ է տալիս, իսկ առանձին դեպքերում` նույնիսկ 10, 000 լիտր, և այս պահին մթերվող կաթի շուրջ 60 տոկոսն ապահովում են սեփական արտադրանքի հաշվին:

Նախարար Սերգո Կարապետյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում նշել է, որ ծրագրի շրջանակում տարեկան 200-400 գլուխ բարձր մթերատու կենդանիներ են ներկրվում հանրապետություն, ինչը բարձր արդյունքներ է ապահովում և հնարավորություն է տալիս տեղում կազմակերպել կենդանիների վերարտադրությունը: Նախարարը Շիրակի անասնապահությամբ զբաղվողների համար ևս մեկ կարևոր լուր է հայտնել` եկող տարի մարզում ժամանակակից սպանդանոց կկառուցվի»:

 

Լրահոս

Դիտել ավելին