Կարևոր իրադարձություններ

Մարտակերտում արտակարգ դրությունը դեռևս կպահպանվի. ԼՂՀ վարչապետ

26 Ապրիլ, 2016 19:30
Մարտակերտում արտակարգ դրությունը դեռևս կպահպանվի. ԼՂՀ վարչապետ

Անվտանգության նկատառումներից ելնելով, Մարտակերտ բնակավայրում մտցված արտակարգ դրությունը դեռևս կպահպանվի: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նա այսօր մեկնել է Մարտակերտ շրջկենտրոն և տեղում ծանոթացել ապրիլի 25-26-ի գիշերը հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքով բնակավայրի կրած վնասներին:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, վարչապետը շրջայց է կատարել Մարտակերտ քաղաքում, եղել է այն թաղամասերում, որտեղ հրետակոծությունից տուժել են առանձնատներ և քաղաքային նշանակության օբյեկտներ:

Այնուհետև, շրջանի պատասխանատուների մասնակցությամբ, վարչապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Ա. Հարությունյանը դատապարտել է ադրբեջանական կողմի շարունակվող ագրեսիան:

«Մենք վճռական ենք մեր քաղաքականության մեջ և թշնամու ագրեսիվ գործողություններին տվել ու տալու ենք համարժեք պատասխան: Ինչ վերաբերում է բնակիչների կրած կորուստներին, կառավարությունը շարունակելու է գույքագրել դրանք, որպեսզի տրվեն համապատասխան փոխհատուցումներ»,- ասել է վարչապետը:

Գործադիր իշխանության ղեկավարին այցի ընթացքում ուղեկցում էին քաղաքաշինության և էկոնոմիկայի նախարարները:

 

Լրահոս

Դիտել ավելին