Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ընդդիմությունը պահանջել է հետաքննել Ալիևի ընտանիքին վերաբերող «պանամական փաստաթղթերը»

26 Ապրիլ, 2016 16:26
Ադրբեջանի ընդդիմությունը պահանջել է հետաքննել Ալիևի ընտանիքին վերաբերող «պանամական փաստաթղթերը»

Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին՝ պահանջելով հետաքննել «Պանամական փաստաթղթերում» Ադրբեջանին առնչվող նյութերը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

«Ազգային խորհուրդը պահանջում է գլխավոր դատախազից անցկացնել հետաքննություն, այնուհետև տեղեկացնել հասարակությանը հետաքննության ընթացքի ու արդյունքների մասին»,- ասված է Ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլիի դիմումի մեջ:

Դիմումում նշված է, որ ո՛չ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ո՛չ նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, 2008 և 2013 թվականների նախագահական ընտրությունների և խորհրդարանական ընտրությունների ժամանակ (2005, 2010, 2015թթ.) իրենց հայտարարագրերում չեն նշել Պանամայում ու Վիրջինյան կղզիներում գրանցված իրենց օֆշորային ընկերությունների եկամուտների ու գույքի մասին:

Ադրբեջանի ընտրական օրենքի համաձայն՝ դա լուրջ իրավական հիմնավորում է չեղյալ հայտարարելու նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Եթե գույքը և եկամուտները նշված են եղել հայտարարագրերում, ապա դրանք հասարակությունից թաքցնելը ստեղծում է լրջագույն իրավական ու քաղաքական պատասխանատվություն Ադրբեջանի ԿԸՀ-ի համար, հայտնում է Turan-ը:

Դիմումի մեջ հիշեցվում է, որ 2016 թվականի ապրիլի 5-ին բրիտանական հեղինակավոր The Guardian թերթում հրապարակվել է London law firm helped Azerbaijan’s first family set up secret offshore firm հոդվածը, որտեղ նշված է, որ Ալիևների ընտանիքը Բրիտանական Վիրջինյան կղզիներում օֆշորային գաղտնի ընկերությունների միջոցով գնել է միլիոնավոր ֆունտ սթեռլինգ արժողությամբ անշարժ գույք:

Մասնավորապես, նշվել է, որ 17 միլիոն ֆունտ սթեռլինգով Լոնդոնում Լեյլա ու Արզու Ալիևաներն առանձնատուն են գնել: Անօրինական օպերացիաներն ու դրամական փոխանցումներն իրականացվել են Ata Holding-ի միջոցով, որը պատկանում է Ադրբեջանի հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովին: Բրիտանական թերթի տեղեկություներով՝ Մամեդովը վերահսկում է մինչև 600 միլիոն դոլար դրամական միջոցներ և իրականում Ալիևների բանկիրն է: Այդ մասին հայտնի է դարձել պանամական Mossack Fonsecaya իրավաբանական ընկերության տվյալների արտահոսքից հետո:

Այդ փաստաթղթերի համաձայն՝ Պանամայում գրանցված են մի քանի ընկերություններ, որոնք պատկանում են Ադրբեջանի նախագահի աղջիկներին: Այդ ընկերությունները տարբեր տարիների ձեռք են բերել թանկարժեք գույք և խոշոր միջոցներ ներդրել արևմտյան տարբեր ընկերություններում:

Դիմումում նշվում է, որ Իլհամ Ալիևի, նրա կնոջ ու երեխաների բիզնես գործունեությունը հակասում է Ադրբեջանի օրենսդրությանը, որին պետք է տրվի իրավական գնահատական:

 

 

Լրահոս

Դիտել ավելին