Կարևոր իրադարձություններ

Զինադադարը չեղարկելու համար ՄԱԿ-ին դիմելու Ադրբեջանի քայլը կարող է է՛լ ավելի վտանգել տարածաշրջանի անվտանգությունը․Ա. Զաքարյան

26 Ապրիլ, 2016 15:55
Զինադադարը չեղարկելու համար ՄԱԿ-ին դիմելու Ադրբեջանի քայլը կարող է է՛լ ավելի վտանգել տարածաշրջանի անվտանգությունը․Ա. Զաքարյան

 

Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում և Անվտանգության խորհրդում տարածած հերթական սադրիչ նամակը՝ թվագրված ապրիլի 14-ին, որտեղ փորձ է արվում, պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով, միակողմանիորեն չեղարկել 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը, բանակցային գործընթացը տապալելու և հրադադարի ռեժիմի պահպանումից խուսափելու ակնհայտ փորձ է: Լրագրողների հետ  զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:


Վերջինս նշեց, որ գործընթացը, սակայն, հաջողություն ունենալ չի կարող, որովհետև զինադադարի մասին պայմանագիրն անժամկետ է։


Արտակ Զաքարյանը նշեց, որ Ադրբեջանի այս քայլը չի կարող արժանանալ միջազգային հանրության դրական վերաբերմունքին: «Այս առումով մենք, իհարկե, քաղաքական և դիվանագիտական առումով անելիքներ ունենք: Սա Ադրբեջանի հերթական ապակառուցողական քայլն է, որով կարող է է՛լ ավելի վտանգվել տարածաշրջանի անվտանգությունը: Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք բոլոր տիպի զարգացումներին` իհարկե չթուլացնելով քաղաքական պայքարը, և զսպիչ մեխանիզմներ գտնել Ադրբեջանի դեմ: Այս իրավիճակում առավել քան կարևոր է դառնում հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմներ տեղադրելը և միջազգային հանրության ճնշումներն Ադրբեջանի դեմ: Եթե Ադրբեջանը ունենալով իրավական համաձայնագիրը, այնուամենայնիվ, շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, այս պարագայում Ադրբեջանը փորձում է իր վրայից հանել իրավական պատասխանատվությունը: Մեր գործողությունները պետք է լինեն ուղղված նրան, որ Ադրբեջանը որևէ հարթակում քաղաքական հաղթանակներ չունենա»,- նշեց Արտակ Զաքարյանը:


Պատգամավորի խոսքով՝ պայմանագրի չեղարկումից հետո Հայաստանն իր գործողություններում որևէ սահմանափակում չի մտցնի։ «Այդ դեպքում մենք կարողանալու ենք մեր զինուժով հայտնվել Ադրբեջանի տարածքում և գերակա դարձնելով մեր ժողովրդի անվտանգությունը` մեզ թույլ տալ ցանկացած գործողություն` ընդհուպ սպառնալ Ադրբեջանի գոյությանը` որպես պետություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին