Կարևոր իրադարձություններ

Օբամայի կողմից Ալիև-Սարգսյան հանդիպում անցկացնելու ծրագիր չի եղել. Ջեյմս Ուորլիք

26 Ապրիլ, 2016 13:17
Օբամայի կողմից Ալիև-Սարգսյան հանդիպում անցկացնելու ծրագիր չի եղել. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր միջնորդները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, այսօր աշխատում են մեկ նպատակի շուրջ՝ պահպանել հրադադարը շփման գծում և հակամարտող կողմերի միջև անհապաղ վերսկսել բանակցային գործընթացը՝ եռանախագահների հովանու ներքո: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով մեր հարցերին:

Դեսպան Ուորլիքը շեշտում է՝ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Միջնորդներն այսօր աշխատում են ընդլայնել այն միջոցները, որոնք թույլ կտան կրճատել բախումների ռիսկերը շփման գծում՝ մասնավորապես աշխատելով ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելության ընդլայնման ուղղությամբ:

«Շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող անկայունությունը հստակ մատնանշում է, թե ինչու է անհրաժեշտ, որ կողմերն անհապաղ ձեռնամուխ լինեն համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունների»,- ասել է ամերիկացի համանախագահը:

Մեր հարցին՝ ինչո՞ւ ի վերջո չի կայացել Սարգսյանի և Ալիևի հանդիպումը Վաշինգտոնում, Ուորլիքը պատասխանել է, թե նախագահ Օբամայի կողմից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում անցկացնելու ծրագիր չի եղել ի սկզբանե:

– Պարոն դեսպան, կխնդրեի մեկնաբանել Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովի հայտարարությունը այն մասին, որ առաջիկա օրերին կարող են սկսվել ինտենսիվ բանակցություններ Ղարաբաղյան հարցով, և որ այդ գործընթացի նախաձեռնողը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է: Այս նախաձեռնությունը Մինսկի խմբի ձևաչափի՞ շրջանակներում է, թե՞  Մինսկի խմբի ձևաչափից դուրս: Համանախագահները ներկա լինելո՞ւ են այդ բանակցություններին, թե՞ սա կլինի զուգահեռ ձևաչափով հանդիպում՝ ինչպիսին եղավ, օրինակ, 2014 թ. օգոստոսին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:

– Մենք ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների ցանկացած նախաձեռնություն կգա լրացնելու եռանախագահների գործունեությունը: Այդպես եղավ 2014 թվականին, երբ նախագահներ Ալիևի և Սարգսյանի միջև հանդիպումներ անցկացվեցին նախագահ Պուտինի, պետքարտուղար Քերիի և նախագահ Օլանդի կողմից: Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան՝ բոլորն աշխատում են նույն նպատակների ուղղությամբ, դրանք են՝ հրադադարի անվերապահ պահպանում կողմերի կողմից և համակողմանի կարգավորման վերաբերյալ անհապաղ բանակցային գործընթաց եռանախագահների հովանու ներքո:

– Ի վերջո՝ ինչո՞ւ չկայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վաշինգտոնում, որը պիտի լիներ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջնորդությամբ: Հակամարտության այս աննախադեպ էսկալացիայից հետո կարո՞ղ ենք ակնկալել նմանատիպ նախաձեռնություն նաև Միացյալ Նահանգների նախագահից:

– Միջուկային անվտանգության վեհաժողովի շրջանակում նախագահ Օբամայի կողմից նախագահներ Ալիևի և Սարգսյանի միջև հանդիպում անցկացնելու ծրագիր ի սկզբանե չի եղել, սակայն Վաշինգտոնում նախագահների հետ երկկողմ ձևաչափով արդյունավետ հանդիպումներ ունեցան փոխնախագահ Բայդենն ու պետքարտուղար Քերին: Նրանք քննության առան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղին, և թե՛ փոխնախագահը, թե՛ պետքարտուղարը շեշտեցին հնարավորինս շուտ հակամարտությանը խաղաղ լուծում տալու անհրաժեշտությունը:

– Կա՞ արդյոք որևէ առաջընթաց դիվանագիտական գործընթացում՝ քառօրյա պատերազմից հետո: Եղան մի շարք հանդիպումներ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի նախագահների հետ: Տարածաշրջան այցելեցին նաև Մինսկի խմբի համանախագահները: Ի՞նչ արդյունքների են հասել կողմերը: Հնարավոր կլինի՞ կայունացնել վիճակը և խուսափել ապագայում ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսումից:

– Ապրիլի 5-ից հրադադարը մեծապես պահպանվում է, սակայն մեզ շարունակում է մտահոգել, որ տիրում է մեծ լարվածություն, և տեղի են ունենում հրադադարի խախտումներ: Շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող անկայունությունը հստակ մատնանշում է, թե ինչու է անհրաժեշտ, որ կողմերն անհապաղ ձեռնամուխ լինեն համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունների: Մենք միանշանակ փաստում ենք, որ լայնածավալ ռազմական գործողություններ վերստին չեն կարող լինել, և այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք նաև աշխատում ենք կողմերի հետ բռնությունների ռիսկը կրճատող միջոցների, օրինակ՝ ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելության ընդլայնման շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին