Կարևոր իրադարձություններ

Չի բացառվում, որ գերտերությունների շահերի բախման կետում հայտնված Ղարաբաղը կրկին դառնա կռվախնձոր ու դրվի մեծերի զոհասեղանին. «Հրապարակ»

27 Հոկտեմբեր, 2015 08:14
Չի բացառվում, որ գերտերությունների շահերի բախման կետում հայտնված Ղարաբաղը կրկին դառնա կռվախնձոր ու դրվի մեծերի զոհասեղանին. «Հրապարակ»

 

 

Ադրբեջանը՝ ԵՏՄ անդա՞մ
Մինչ հայրենական մամուլի ուշադրությունը սեւեռված էր ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքի երեւանյան մամուլի ասուլիսին, Բաքվում խորհրդանշական հայտարարություն է արել Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Հասանովան: Պատասխանելով Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին հարցին, նա ասել է, որ դա հավանական է: Փոխնախարարի խոսքերով՝ Ադրբեջանը պատրաստ է անդամակցել այնպիսի միությունների, որոնք երկրին օգտակար են, եւ ներկայումս քննարկվում են ԵՏՄ անդամակցության հնարավոր օգուտները եւ վնասները, անցկացվում է անդամակցության մանրակրկիտ գնահատում: Սա Ադրբեջանում առաջին պաշտոնական տեսակետն է, որը հավանական է համարում ԵՏՄ-ին այդ երկրի անդամակցությունը: Եվ, ըստ երեւույթին, պատահական չէ, որ այն հնչեցվում է ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցին զուգահեռ: Կարելի է ենթադրել, որ դրանով Ալիեւի ռեժիմն ինչ-որ ակնարկ է անում միջնորդներին այն դեպքում, երբ նրանք մտադիր են մինչեւ տարեվերջ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում եւ պնդում են, որ հարկավոր է հարցը կարգավորել: Վերլուծաբաններն այժմ քննարկում են խնդիրը, թե ում հովանու ներքո է կազմակերպվելու Սարգսյան-Ալիեւ բանակցությունների հերթական փուլը: Մանավանդ ամերիկացի համանախագահի ակնարկները՝ ուղղված երկու երկրների հասարակություններին, սեփական կառավարողներին շտապեցնելու մասով, շատ թափանցիկ են։ Իսկ ԵՏՄ-ին անդամակցելու հավանականությունը չհերքելու մասին պաշտոնական Բաքվի հայտարարությունը, ակնհայտ է, որ որոշակի ենթատեքստ պարունակում է: Եվ չի բացառվում, որ գերտերությունների շահերի բախման կետում հայտնված Ղարաբաղը կրկին դառնա կռվախնձոր ու դրվի մեծերի զոհասեղանին։
 

Լրահոս

Դիտել ավելին