Կարևոր իրադարձություններ

Լեհաստանը մոտ է մեկուսացման և ավտորիտարիզմի. նախկին նախագահներ

25 Ապրիլ, 2016 17:59
Լեհաստանը մոտ է մեկուսացման և ավտորիտարիզմի. նախկին նախագահներ

Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությունը երկիրը տանում է մեկուսացման և ավտորիտարիզմի: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին բնակչությանը և եվրոպական համայնքին համատեղ նամակ-կոչում հայտարարել են լեհ մի քանի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախկին նախագահներ Լեխ Վալենսան, Ալեքսանդր Կվասնևսկին և Բրոնիսլավ Կոմորովսկին:

Բացի նրանցից՝ նամակը ստորագրել են, մասնավորապես, նախկին վարչապետ Վլոջիմեժ Չիմոշևիչը և ԱԳՆ նախկին ղեկավարներ Ռադոսլավ Սիկորսին, Անջեյ Օլեխովսկին և այլոք:

«Իրավունք և արդարությունը» չի պատրաստվում դուրս գալ սահմանադրական կարգի խախտման ուղուց: Այդ միտմանը հակազդելու համար անհրաժեշտ է հասարակության լիակատար մոբիլիզացիա»,- ասվում է նամակում:

Նամակում ուշադրություն է հրավիրվում երկրում սահամանադրական ճգնաժամին և իշխող կուսակցության ու Սահմանադրական տրիբունալի վեճին:

Ըստ նամակի հեղինակների՝ այդ իրավիճակը հանգեցնում է «ԵՄ-ում անդամակցային իրավունքների սահմանափակման», քանի որ իշխանության գործողությունները խախտում են միասնությունը ԵՄ-ում:

Նամակում նաև ասվում է, որ «եվրատլանտյան համայնքի հետ առճակատման» ուղին Լեհաստանին տանում է մեկուսացման և ավտորիտարիզմի:

Լեհաստանի Սահմանադրական տրիբունալի մասին օրենքում փոփոխությունների սահմանմանն ավելի վաղ ուշադրություն են դարձրել ԵՄ-ում: Ապրիլին Եվրախորհրդարանը Լեհաստանում իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել, որով գործող իշխանությանը կոչ է արվել սահմանադրական ճգնաժամը լուծել և պահպանել Սահմանադրական տրիբունալի կանոնակարգերը:

 

Լրահոս

Դիտել ավելին