Կարևոր իրադարձություններ

Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստի նախերգանքն էր. Արգենտինայի Սենատ

25 Ապրիլ, 2016 17:56
Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստի նախերգանքն էր. Արգենտինայի Սենատ

Ապրիլի 23-ին Արգենտինայի Վիսենտե Լոպես քաղաքի Արտուրո Ֆրոնդիզի սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված կենտրոնական միջոցառումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։


Միջոցառմանը ներկա էին Արգենտինայի Սենատի ժամանակավոր նախագահ Ֆեդերիկո Պինեդոն, Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Վիսենտե Լոպեսի քաղաքապետ Խորխո Մակրին, Արգենտինայի Ազգային կոնգրեսի պատգամավորներ և սենատորներ, տեղական ինքնակառավարման մարմինների, հոգևոր դասի, ակադեմիական շրջանակների ներկայացուցիցչներ:


Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ էին հղել Արգենտինյան Հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրին և փոխնախագահ Գաբրիելա Միկետին: Նախագահ Մաուրիսիո Մակրիի ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Միայն հարգանքը բարձրագույն արժեքների ու սկզբունքների նկատմամբ կհանգեցնի խաղաղության և հաշտեցման»:
Արգենտինայի Սենատի ժամանակավոր նախագահ Ֆեդերիկո Պինեդոն իր ելույթում կարևորեց Հայոց ցեղասպանության հիշողության պահպանումը և դատապարտեց այլ էթնիկ խմբի պատկանելության պատճառով հետապնդումները: «Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստի նախերգանքն էր, և երկար ժամանակ փորձ է արվել թաքցնել այն: Արգենտինայում տարիներ առաջ մենք կարևոր քայլ կատարեցինք` ապրիլի 24-ը ճանաչելով որպես ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»:


Արգենտինայում ՀՀ դեսպան Հարությունյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Արգենտինայի ժողովրդին և իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում իրենց հանձնառության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները մեկ տարի շարունակ բարձր մակարդակով անցկացնելու համար: Դեսպանն առանձնահատուկ երախտագիտություն հայտնեց ծագումով արգենտինացի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տրված Սուրբ պատարագի և իր ելույթի համար: «Նա ոչ միայն խիզախորեն ձևակերպեց մեր ցավը, այլև ձևակերպեցմեր կամքը և հավատը` Գրիգոր Նարեկացուն հռչակելով իբրև Տիեզերական Վարդապետ:


Անդրադառնալով ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողություններին՝ ՀՀ դեսպանը նշեց. «Թուրքերի կողմից ոգեշնչված Ադրբեջանի արյունոտ և կոռումպացված բռնապետ Ալիևը նորից հրթիռակոծում է հայկական դպրոցը, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են երեխաներ, նորից հրետանակոծում է խաղաղ բնակիչներին, սպանում է ծերերին, կտրում ականջները, Իսլամական պետության ձեռագրով կտրում 18-20 տարեկան զինվորների գլուխը և հպարտանում դրանով»։

 

Վիսենտե Լոպեսի քաղաքապետ Խորխե Մակրին, իր ելույթում բարձր գնահատելով արգենտինահայ համայնքի գործունեությունը, շնորհակալություն հայտնեց արգենտինահայերին Արգենտինան կերտելու և զարգացնելու համար: Անդրադառնալով ԼՂ հակամարտության հիմնախնդրին՝ նա նշեց, որ ինքը կողմնակից է խնդրի խաղաղ և արդար կարգավորմանը՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի նորմերը, մասնավորապես, ազգերի ինքնորոշման սկզբունքը:

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Արգենտինայի Ազգային կոնգրեսի հայազգի սենատոր Միրիամ Բոյաջյանը, ով իր խոսքում անդրադարձավ մարդու իրավունքների պաշտպանության և խնդիրները խաղաղությամբ կարգավորելու Արգենտինայի և Լատիանական Ամերիկայի երկրների հանձնառությունը՝ նշեց, որ ԼՂ հակամարտության գործում նույնպես պետք է ապավինել միայն երկխոսության և խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորման սկզբունքներին:
 

 

Լրահոս

Դիտել ավելին