Կարևոր իրադարձություններ

Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում մատակարարվող սննդի որակը կմնա մշտական հսկողության տակ

25 Ապրիլ, 2016 17:11
Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում մատակարարվող սննդի որակը կմնա մշտական հսկողության տակ

Այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ապօրինաշինության և հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 9 դեպք, 2 հասցեներում էլ իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար աշխատակազմի հողի վերահսկողության վարչության մեկ աշխատակցի, ինչպես նաև Դավիթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաների համապատասխան բաժինների պետերին հայտարարվել է նկատողություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական լինել այս հարցում և նմանատիպ դեպքերի կրկնման պարագայում համապատասխան անձանց ազատել աշխատանքից: 

 Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են 2016 թվականի ծրագրով նախատեսված կենտրոնական և բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես փոսալցման, փոսային նորոգումների և ճաքալցման աշխատանքները: 
 Արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն էլ հանձնարարվել է գույքագրել Երևան քաղաքի արձանների շուրջ գտնվող գովազդային բոլոր վահանակները և ըստ վարչական շրջանների ներկայացնել ամբողջական տեղեկանք՝ դրանք այլ հատվածներ տեղափոխելու նպատակով:
 Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 44 վարչական արձանագրություն: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ էլ զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում կազմվել է 7 վարչական արձանագրություն, ապամոնտաժվել է չգործող 4 կրպակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների հետ շարունակել ամենօրյա աշխատանքներն ու գործընթացը պահել խիստ հսկողության տակ: 
 Աշխատանքային խորհրդակցության ընթացքում սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ մշտական ուշադրության կենտրոնում է մուրացկանությամբ զբաղվող անչափահաս երեխաների խնդիրը: Մասնավորապես զեկուցվել է, որ երևույթը բացառելու նպատակով համապատասխան բացատրական աշխատանքներ են տարվել տվյալ երեխաների ծնողների հետ, ինչի արդյունքում հայտնաբերված 17 անչափահասները ներկայումս գտնվում են ինչպես ծնողների, այնպես էլ համապատասխան ծառայությունների ուշադրության կենտրոնում: Քաղաքապետը հանձնարարել է մշտական հետևողականություն ցուցաբերել անչափահասների և նրանց ծնողների հետ տարվող աշխատանքներում: 
 Նախորդ 2 շաբաթների ընթացքում քաղաքապետի հանձնարարությամբ ստուգումներ են իրականացվել ներառական կրթություն իրականացնող դպրոցներում մատակարարվող սննդի որակը ստուգելու նպատակով: Զեկուցվել է, որ ստուգումների արդյունքում արձանագրվել են անորակ սննդի մատակարարման դեպքեր և թվով 6 դպրոցներում չեղյալ են համարվել մատակարարի հետ կնքված պայմանագրերը: Հանձնարարվել է խստացնել հսկողությունը:
 «Եթե դպրոցներում արձանագրվում են նման դեպքեր, ապա այս հարցում պատասխանատվություն կրում է ոչ միայ սնունդ մատակարարող ընկերությունը, այլև տվյալ դպրոցի տնօրենը, քանի որ հենց ինքն է ընդունում սնունդը: Եթե այդ դպրոցներում շարունակվեց նման մոտեցումը, պատասխանատվության կենթարկվեն տվյալ դպրոցների տնօրենները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 Աշխատանքային խորհրդակցության շրջանակում հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլը հաղթահարած 435 աշակերտներ այս օրերին մասնակցում են օլիմպիադայի հանրապետական փուլին: Նաև նշվել է, որ այս տարի նկատվել է մասնակցության և գրանցված արդյունքների ցուցանիշների աճ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին