Կարևոր իրադարձություններ

Հայաստանում մեկօրյա ճամփորդության արժեքը 70 դոլար է

25 Ապրիլ, 2016 16:57
Հայաստանում մեկօրյա ճամփորդության արժեքը 70 դոլար է
Վերջերս մի հետաքրքիր ուսումնասիրություն է արվել, որը պարզել է, թե երկու անձի համար նախատեսված մեկօրյա հանգիստը տարբեր երկրներում որքան կարժենա: Արդյունքում առանձնացվել են ճանապարհորդության համար ամենամատչելի երկրները: Այդ ցուցակում է նաեւ Հայաստանը:
 
Ներկայացված բյուջեները նախատեսված են երկու անձի մեկ օրվա ճամփորդության համար, ինչը ներառում է բնակությունը մեկ համարում եւ ամենաանհրաժեշտ ծախսերը, այն է՝ բնակություն էկոնոմ դասի հյուրանոցներում եւ էժանագին ռեստորաններում կամ սրճարաններում սնվելը:
 
Այսպես, մեկօրյա հանգիստը Հայաստանում, ըստ այս ուսումնասիրության, կկազմի 70 դոլար, նույնքան կլինի նաեւ Սերբիայում, Վրաստանում, Չեռնոգորիայում, իսկ Բուլղարիայում՝ 80 դոլար: Ավելի մատչելի կլինի մեկօրյա հանգիստը Թաիլանդում եւ Վիետնամում՝ 45 դոլար, իսկ ամենից էժան տարբերակն է Հնդկաստանը՝ 40 դոլար՝ 1 օրվա համար:
 
Ինչպես տեղեկանում ենք այս ուսումնասիրությունից, Հնդկաստանում փողոցում վաճառվող սնունդը բավական մատչելի է, իսկ սրճարանում կուշտ սնվելու համար զբոսաշրջիկը կծախսի ընդամենը 2,3 դոլար: Հարմարավետ ու մատչելի հյուրանոցային համար կարելի է գտնել 10-15 դոլարով:
 
Վիետնամում նույնպես կարելի է «կոպեկներով» նորմալ սնվել: Այստեղ ամեն քայլափոխի վաճառվում են սենդվիչներ՝ ընդամենը 0,5-0,7 դոլարով: Նույնքան են նաեւ հյութերը: Սրճարանում կարելի է փորձել տեղական ձուկն ու հավը՝ վճարելով 2 դոլար: Հյուրանոցային մատչելի համար կարելի է գտնել 11-15 դոլարով: Մույնե գյուղակում՝ ծովին բավական մոտ, բունգալո տնակի վարձակալությունը կարժենա 10 դոլար:
 
Ճամփորդելու սիրահարները մի փոքր ավելի կվճարեն Աբխազիայում: Հավի խորովածի մեկ շամփուրն այստեղ վաճառում են 2,7 դոլարով, իսկ մսով եւ պանրով չեբուրեկը՝ 1 դոլարով: Ծովափին սրճարանում ճաշելը կարժենա 5-12 դոլար, իսկ ընթրիքն ազգային ռեստորանում՝ արդեն 9,5-13,5 դոլար: Տնական գինու 1 շիշն այստեղ կարժենա 2,7 դոլար:
Ծովին մոտ գտնվող հյուրանոցային հարմարավետ համար կարելի է գտնել 20-33 դոլարով:
 
Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա այս նույն ուսումնասիրության տվյալներով՝ կուշտ ու մատչելի սնվել կարելի է ամեն քայլափոխի: Ըստ ուսումնասիրողների՝ Երեւանում խաչապուրին արժե մեկ դոլար, լահմաջոն՝ 1,7 դոլար, իսկ Սեւանա լճի մոտ խեցգետնիններով քաբաբ պատվիրելը՝ մոտավորապես 3 դոլար: Սրճարաններում միջին հաշիվը կազմում է 3-4 դոլար, իսկ ռեստորանում կարժենա 7-30 դոլար: Մեզ մոտ մատչելի հյուրանոցային համարները կարժենան 25-30 դոլար:
 
Նշենք, որ այս ուսումնասիրությունը կատարվել է ամրագրման եւ սպասարկման ոլորտների համակարգերի, մթերքների գների, զբոսաշրջիկների հայտնած տեղեկությունների, ինչպես նաեւ ճամփորդական ուղեցույցների տվյալների մշակմամբ:
 

Լրահոս

Դիտել ավելին