Կարևոր իրադարձություններ

ԵԱՏՄ երկրները ստորագրել են էներգետիկայի ոլորտում միասնական մոտեցումներ սահմանող առաջին միջազգային պայմանագիրը

25 Ապրիլ, 2016 16:49
ԵԱՏՄ երկրները ստորագրել են էներգետիկայի ոլորտում միասնական մոտեցումներ սահմանող առաջին միջազգային պայմանագիրը

Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր նախարարությունների ղեկավարները համաձայնագիր են ստորագրել Միության շրջանակներում գազի, նավթի և նավթամթերքի ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների ձևավորման մեթոդաբանության մասին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԵԱՏՀ-ի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Դանիլ Իբրաևն ասել է, որ դա եվրասիական տարածքում առաջին փաստաթուղթն է, որը միասնական և համաձայնեցված մեթոդաբանական մոտեցումներ է սահմանում էներգետիկական ռեսուրսների միութենական հաշվեկշիռների մշակման նկատմամբ:

«Կարևոր է նշել, որ եվրասիական ինտեգրացիոն միավորման շրջանակներում հաշվեկշիռները մասնակից երկրների կողմից փոխհամաձայնեցված էներգետիկական քաղաքականություն վարելու բաղադրիչն են, այդ թվում՝ երրորդ երկրների հետ հարաբերություններում»,-ընդգծել է ԵԱՏՀ-ի ղեկավարը:

Էներգառեսուրսների ցանկը, ըստ որոնց հաշվեկշիռներ են մշակվելու, ներառում է գազը, նավթը, ավտոմոբիլային բենզինը, դիզվառելիքը, վառելիքային մազութը եւ ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքը: ԵԱՏՄ-ի երկրները հաշվեկշիռների շրջանակներում ապրանքների այդ խմբերի գծով համաձայնեցնելու են փոխադարձ առևտրի հեռանկարային ծավալները:

Գազի, նավթի ու նավթամթերքի փոխադրման համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու, ինչպես նաև սպառողին էներգետիկական ռեսուրսները հասցնելու երաշխավորված հնարավորության համար ԵԱՏՄ-ի պետությունների տրանսպորտային ենթակառուցվածք մուտքը տրամադրվում է էներգառեսուրսների միութենական հաշվեկշիռների հաշվառմամբ:

Վերջին հաշվով հաշվեկշիռների կազմումը նպաստելու է ԵԱՏՄ-ի պետությունների սպառողների Էներգամատակարարման հուսալիության բարձրացմանը, Միության պետությունների միջեւ Էներգառեսուրսների մատակարարումների օպտիմալացման վերաբերյալ առավել կշռադատված որոշումների ընդունմանը, ներքին շուկաներում պահանջարկի ու առաջարկի հավասարակշռության ապահովմանը: Բացի այդ, այն թույլ կտա ավելի օբյեկտիվորեն գնահատել ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տնտեսական զարգացումը:

«Հաշվեկշիռների շնորհիվ մենք կկարողանանք գնահատել ընդհանուր էներգետիկական շուկաների ներուժը և դրանց զարգացման հեռանկարները»,-ընդգծել է նախարար Իբրաևը:

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն ամսաթվից 30 օրացուցային օրվա ընթացքում, երբ ԵԱՏՀ-ն վերջին գրավոր ծանուցումը կստանա Միության պետությունների կողմից համապատասխան ներպետական ընթացակարգերի կատարման վերաբերյալ:

Ստորագրված պայմանագրի համաձայն՝ էներգետիկական ռեսուրսների առաջին միութենական հաշվեկշիռները պատրաստ կլինեն ընթացիկ տարվա հոկտեմբերին:

 

Լրահոս

Դիտել ավելին