Կարևոր իրադարձություններ

Հունաստանի հայերը Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատների առջև բողոքի ցույց են անցկացրել

25 Ապրիլ, 2016 16:29
Հունաստանի հայերը Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատների առջև բողոքի ցույց են անցկացրել

Մեծ եղեռնի նահատակների հիշատակին Հունաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել Աթենքում՝ Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատների ու թուրքական հյուպատոսարանի առջև:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի, ինչպես նաև ադրբեջանական կողմի իրականացրած ռազմական գործողությունների և վայրագության կապակցությամբ Հունաստանի «Երիտասարդական միության» նախաձեռնությամբ հարյուրավոր հայեր ապրիլի 23-ին և 24-ին Հայ դատի պայքարը առաջ մղելու և իրավունքի ու արդարության վերահաստատման պահանջ են ներկայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աթենքի «Ազատ օր» թերթը հայտնում է, որ ցույցին մասնակից հայ երիտասարդներից բացի ներկա էին նաև հույն-պոնտական կազմակերպությունների ն երկայացուցիչներ ու ասորիներ:

Բողոքի ցույցի մասնակիցները Հայաստանի և Հունաստանի դրոշներով, հատուկ շապիկներով, պաստառներով, բարձրախոսերով ու տարբեր լոզունգներով նախ շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, սակայն, հանդիպել են ոստիկանության դիմադրությանը: Ինչպես նշում է «Ազատ օր» թերթը, ոստիկանությունը խախտել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբին ցույցը արտոնելու նախօրոք տված խոստումը: Ոստիկանության հետ հանձնախմբի անդամների բանակցությունները արդյունք չեն տվել, և ցուցարարները, իբրև դժգոհության և ընդվզման նշան, այրել են թուրքական դրոշը:

Մասնակիցները որոշել են տեղափոխել ցույցն այլ հրապարակ և վերադարձի ճանապարհին կանգ են առել Ադրբեջանի դեսպանատան առջև:

 

Լրահոս

Դիտել ավելին