Կարևոր իրադարձություններ

««Ավրորա» մրցանակը պետք է վերջ դնի այն բռնությունների շղթային, որ առկա է». Մարգարիտ Բարանկիցեն

25 Ապրիլ, 2016 15:38
««Ավրորա» մրցանակը պետք է վերջ դնի այն բռնությունների շղթային, որ առկա է». Մարգարիտ Բարանկիցեն

Բուրունդիի Խաղաղության տան (Maison Shalom) խնամքի տան և Rema հիվանդանոցի աշխատակից Մարգարիտ Բարանկիցեի համոզմամբ` «Ավրորա» մրցանակը պետք է վերջ դնի այն բռնությունների շղթային, որ առկա է իր երկրում և աշխարհում: Այս մասին նա նշեց մրցանակաբաշխության ավարտին հ րավիրված մամուլի ասուլիսում:

«Ինձ համար այս մրցանակը հնարավորություն է, որ հարցականի տակ դնեմ Բուրունդիի քաղաքական գործիչների գործունեությունը: Սա կօգնի նրանց մտածել այն մասին, որ եթե վռնդում են մարդկանց, տարագիր են դարձնում մայրիկներին, կանանց, դա սխալ է։ Ես պետք է շնորհակալություն հայտնեմ «Ավրորա»-ի նախաձեռնողներին. մենք աշխարհին ցույց տվեցին, որ եթե ինձ մրցանակ տվեցին, ապա պետք է իրենց քաղաքականությունն հարցականի տակ դրվի: Բոլոր հանցագործները պետք է իրենց հարց տան՝ ճի՞շտ են վարվում»,-շեշտեց Մարգարիտ Բարանկիցեն:

Նա նշեց, որ ինքն ատելություն չունի իր երկրի նախագահի հանդեպ, որը, նրա խոսքով, սպանություններ է գործում: «Ես կարեկցում եմ նրան: Բոլորս պետք է հասկանանք, որ բանակցությունն է հաղթանակի ճանապարհը: Յուրաքանչյուր փախստական աշխարհի քաղաքացի է: Միակ ուղերձը, որ կուզենայի փոխանցել` երկրագունդը մեծ է բոլորի համար, մենք պետք է կարողանանք ապրել երջանիկ, ինչպես քույրեր և եղբարներ»,-հայտարարեց նա:

«Ավրորա» և 100 LIVES նախաձեռնությունների համահիմնադիր Նուբար Աֆեյանը շեշտեց, որ մրցանակը տրվում է նախկինում կատարած գործունեության համար:

«Պետք է քայլեր է ձեռնարկվեն, որ մենք ունենանք մի աշխարհ, որտեղ Մարգարիտի գործունեության կարիքը չլինի»,-շեշտեց նա:

«Ավրորա» մրցանակի և 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն էլ ամփոփիչ ասուլիսի ընթացքում նշեց, որ համահիմնադիրներն իրականացրել են իրենց երազանքը:

«Մեր երազանքն էր կառուցել մի բան, որ պետք է մարդկանց համար լինի: Մենք հուսով ենք, որ բարեհաջող կերպով կկարողանանք «Ավրորա»-ն դարձնել ամենամյա: Այն ունի կենսական կարևորություն, ստեղծում է իրազեկվածություն, մեխանիզմ է, որով մարդիկ կիմանան, թե ինչ է կատարվում աշխարհում»,-շեշտեց Ռուբեն Վարդանյանը:

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը կարեւորել է Մարգարիտ Բարանկիցեի արարքների բացառիկ ազդեցությունն ու նշանակությունը. նա վտանգելով իր կյանքը փրկում է մարդկանց՝ նրանց տալով գոյատեւելու եւ բարօրության հասնելու հնարավորություն: Բարանկիցեն մեծացել է Արեւելյան Աֆրիկայի Բուրունդի պետությունում, աշխատում է Բուրունդիի Խաղաղության տուն (Maison Shalom) խնամքի տանը և Rema հիվանդանոցում: Նրա համար դժվար է հավատալ, որ իր առաքելությունն սկսելու պահից, նա օգնել է ավելի քան 20 հազար որբ եւ կարիքավոր երեխաների։ Նա վերամիավորել է իրենց ընտանիք ներից պատերազմի կամ բանտարկության հետեւանքով բաժանված երեխաներին, եւ նոր «տուն» է ստեղծել որբ երեխաների համար: Նրա աշխատանքը շարունակվում է. հիմա նա փորձում է ազատել Բուրունդիում բանտարկված երեխաներին եւ օգնել ապաստանել Բուրունդիի փախստականներին Ռուանդայում։

Մրցանակի դափնեկիրն ստացել է 100.000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական երեք կազմակերպություններին։ Դրանք են Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու, «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» եւ «Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամները:

Հիշեցնենք, որ The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկն է։ Հիմնադիրները փորձում են ձեւավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին