Կարևոր իրադարձություններ

Ծննդկանի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է. ևս 4 բժիշկների մասով քննությունը շարունակվում է

25 Ապրիլ, 2016 11:45
Ծննդկանի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է. ևս 4 բժիշկների մասով քննությունը շարունակվում է

Անցյալ տարի ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի և նրա դստեր՝ Մարիա Հարությունյանի գործով նախաքննությունն արդեն ավարտվել է: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում հայտնեց տուժող կողմի իրավահաջորդի փաստաբան Մարինե Թովմասյանը:

«Մեղադրյալներ Շուշանիկ Բախշյանի և Անի Բաբելյանի մասով նախաքննությունն ավարտվել է, մյուս չորս բժիշկների մասով նախաքննությունը շարունակվում է մեր միջորդության համաձայն»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ մինչև ապրիլի 27-ը իրենք ժամանակ ունեն՝ գործի նյութերին ծանոթանալու և իրենց դիտարկումներն առանձնացնելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան:

 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:

 

Լրահոս

Դիտել ավելին