Կարևոր իրադարձություններ

Հակառակորդը փորձել է զրահատեխնիկա խոցել, սակայն կրկին վրիպել է. ԼՂՀ ՊԲ (լուսանկարներ)

25 Ապրիլ, 2016 10:06
Հակառակորդը փորձել է զրահատեխնիկա խոցել, սակայն կրկին վրիպել է. ԼՂՀ ՊԲ (լուսանկարներ)

Ադրբեջանական քարոզչամեքենան սեփական բանակի ձախողումները կոծկելու համար անընդհատ նոր ուղիներ է փնտրում, որոնք սակայն իրականում բացահայտում են հակառակորդի քարոզչական թեզերի սնանկ բնույթը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 

Քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանցիները ստահոդ լուրեր տարածեցին Թալիշ և Մատաղիս գյուղերի «ազատագրման» մասին: Այդ օրերին նշված գյուղերում աշխատելու հնարավորություն ունեցած բազմաթիվ հայ և օտարերկրացի լրագրողները ոչ միայն անձամբ առնչվեցին հերթական ադրբեջանական ստին, այլև ամբողջ աշխարհին ցույց տվեցին հակառակորդի իրական դեմքը:
 

Ադրբեջանական քարոզչամեքենայի մյուս անիմաստ հնարքը հանրությանը քաջ հայտնի բարձրաստիճան հայ զինվորականներին սպանված կամ ծանր վիրավորված հայտարարելն է: Ադրբեջանական քարոզչամեքենան դեռևս մինչև ապրիլյան պատերազմը հասցրել էր «սպանել» գնդապետ Ջ. Հարությունյանին, քառօրյա պատերազմի ընթացքում նրան «միացան» նաև գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ:

 

Իհարկե, «սպանվելու» հաջորդ օրն ուղիղ եթերում տրված նրանց հարցազրույցները միանգամայն բավարար էին ադրբեջանական քարոզչամեքենայի կոպիտ, բացահայտ ստի վրա հիմնված աշխատաոճը բացահայտելու համար: Սակայն ապրիլի 23-ին ադրբեջանցիները ծանր վիրավոր հայտարարեցին նաև գնդապետ Ա. Մելքումյանին, ով այս պահին էլ բարեխղճորեն կատարում է իր ծառայողական պարտականությունները:

 

Հետաքրքիր է, որ նույն օրը ադրբեջանական բանակն իր իսկ նախաձեռնած սադրանքների արդյունքում ցավագին հարվածներ է ստացել: Ըստ երևույթին ստացած հարվածների ցավը մեղմելու համար ապրիլի 23-ին իբր թե խփված հայկական տանկի մասին հաղորդագրությունը բավարար չեն համարել և որոշել են շահարկել նաև գնդապետ Մելքումյանի անունը:

 

Ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատաոճն իմանալով՝ պարզապես զարմանալի է, որ նրանք չեն պնդում, թե «վիրավորվելու» պահին գնդապետ Մելքումյանը գտնվել է «խոցված» տանկի զրահի վրա: Զարմանալի է նաև, որ նույն տանկի անձնակազմի անդամների թվում չեն նշել նաև «դիպուկահարներ» Նազենի Հովհաննիսյանի՝ հանրահայտ հաղորդավարուհու, և Մարգարիտա Խաչատրյանի՝ «Զինվոր» համակարգող խորհրդի ղեկավարի անունները:
 

Ապրիլի 23-ի և 24-ի ադրբեջանական հաղորդագրություններում իրականության հետ միակ առնչությունն այն է, որ ապրիլի 23-ին ադրբեջանական բանակը իրոք փորձել է խոցել ՊԲ պաշտպանության խորքում գտնվող զրահատեխնիկան, սակայն անգամ գերճշգրիտ SPIKE MR/LR հակատանկային կառավարվող հրթիռային համալիր կիրառելով՝ հաջողացրել են վրիպել ավելի քան 100 մետր: 









Լրահոս

Դիտել ավելին