Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորները մեկնաբանել են Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը

24 Ապրիլ, 2016 19:52
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորները մեկնաբանել են Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի Քում Քափը թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին կազմակերպված պատարագին մասնակցել են նաև Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորները։

Նրանք մեկնաբանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը, որը հնչեցվել է պատարագի ժամանակ։ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) ներկայացնող՝ Ստամբուլից ընտրված հայազգի պատգամավոր Սելինա Դողանը ափսոսանք է հայտնել, որ երկու տարի առաջվա համեմատ այժմ ավելի հեռու կետում է գտնվում:

«Դժբախտաբար, Թուրքիան ներկայումս թե՛ քաղաքական առումով բևեռացված կետում է, թե՛ ահաբեկչական հայտնի կազմակերպությունների պաշարման մեջ է։ Դժբախտաբար, այսօր արգելափակված են խոսքի ազատության, ազատ արտահայտման բոլոր մեխանիզմները։ Բնականաբար, Թուրքիան պետք է առերեսվի 101 տարի առաջ տեղի ունեցածի հետ»,- ասել է նա։

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) ներկայացուցիչ՝ Ստամբուլից ընտրված հայազգի պատգամավոր Գարո Փայլանը նկատել է, որ նախորդ տարվա պատարագն ավելի հնչեղ էր, դրան մասնակցել էին պատգամավորներ, նախարար (Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը Թուրքիայի պատմության մեջ առաջին նախարարն էր, որը (նախորդ տարի) հայկական եկեղեցում մասնակցել է ապրիլքսանչորսյան պատարագի – 1in.am)։

Փայլանը հիշեցրել է, որ հայերը մեկ դար առաջ կազմել են աշխարհագրական այս տարածաշրջանի բնակչության 1 /5-ը, այսինքն՝ յուրաքանչյուր հինգ բնակչից մեկը հայ էր, որոնց էլ ոչնչացրել են։ Փայլանի խոսքով՝ առերեսման կամքը պահվում է սառնարանում, և որ ապրիլի 24-ը Թուրքիայի համար պետք է դառնա շատ կարևոր օր։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ներկայացնող՝ Ստամբուլից ընտրված հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը կարևորել է Էրդողանի ցավակցական ուղերձը՝ հիշեցնելով, որ նա նման ուղերձ հղել է նաև 2 տարի առաջ, երբ վարչապետ էր։ Մարգար Եսայանը պատմական բեկում է որակել Էրդողանի նշված ուղերձները՝ հայտարարելով, որ դրանք դրականորեն են ազդում հասարակական դիրքորոշման վրա։

 

Լրահոս

Դիտել ավելին