Կարևոր իրադարձություններ

Արգենտինայի նախագահն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ

24 Ապրիլ, 2016 19:45
Արգենտինայի նախագահն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ: «Համոզված եմ, որ միայն բարձր արժեքների և սկզբունքների հարգանքը պետք է առաջնորդի մարդկանց իրենց կյանքերում, և դա էլ կտանի խաղաղության ու անցյալի առերեսման»,- prensaarmenia.com.ar-ը, նշել է Մակրին:

Արգենտինայի նախագահի ուղերձը ներկայացվել է Բուենոս Այրեսում կայացած ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: Ուղերձում Մակրին շնորհակալություն է հայտնել տեղի հայ համայնքին` միջոցառմանը մասնակցելու հրավերի համար:

Միջոցառմանը մասնակցել են նաև Արգենտինայի Սենատի անցումային նախագահ Ֆեդերիկո Պինեդոն, պատգամավորներ Սոլեդադ Մարտինեսը, Ադրիան Կամպսը, Էդուարդո Սանտամարինան, Արգենտինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը, սենատոր Մարիամ Բոյաջյանը, Արգենտինայում Ռուսաստանի և Մեքսիկայի դեսպանները, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:

«Անհրաժեշտ է հիշել Հայոց ցեղասպանությունը, քանի որ ժխտելով փաստերը` թույլ կտանք, որպեսզի նույն ոճրագործություններն իրականացվեն այլ ազգերի ու ժողովուրդների նկատմամբ: Հայոց ցեղասպանությունը եղել է Հոլոքոստի նախերգանքը և երկար տարիներ մերժվել: Արգենտինայում մենք կարևոր քայլ ենք կատարել և ապրիլի 24-ը հռչակել հանդուժողականության ու ժողովուրդների միջև հարգանքի օր»,- ասել է Արգենտինայի Սենատի անցումային նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին