«Իրավունքը» ՀՀ ԱԺ պատգամավոր, «Արեւմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության հիմնադիր անդամ ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե Ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ ինչ միջոցառումներ են նախատեսել այսօրվա Թուրքիայի սահմաններում`մեր պատմական հայրենիքում.
- Այս տարի բավարարվել ենք նրանով, որ Մուշում կազմակերպել ենք փոքրիկ միջոցառում` հարգանքի տուրք մատուցելու համար Ցեղասպանության զոհերին: Իսկ Դիարբեքիրում չի լինի անցյալ տարվա նման մեծ միջոցառումներ, քանի որ այսօր այնտեղ տիրող իրավիճակը բոլորիս է հայտնի: Շատ վտանգավոր է այնտեղ որեւիցե մասսայական միջոցառում կազմակերպելը, բայց համենայնդեպս, մեր հայ տղաները փոքրիկ, բայց շատ կարեւոր մի նմանատիպ միջոցառում կկազմակերպեն Դիարբեքիրում: Եվ ինչպես դուք տեսաք, Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը, ինչպիսի դաստիարակչական պատմական քայլ կատարեց` ցույց տալով ողջ Թուրքիայի հանրությանը, թե ովքեր են եղել հայերը Օսմանյան կայսրությունում եւ ինչ ճակատագրի են արժանացել: Նա մեջլիսում համարձակ ցուցադրեց Ցեղասպանության ժամանակ զոհված հայ պատգամավորների ու մտավորականների լուսանկարները` եւս մեկ անգամ ցույց տալով Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը, որ հայերը եղել են այդ պետության հիմնական հենասյուներից մեկը: Ավելին` այսօրվա Թուրքիայի հյուսիս-արեւելքում նրանք ապրում են, ուղղակի, ծպտյալ, մինչդեռ եղել են այդ երկրի լիիրավ տերերից մեկը:
- Կարելի՞ է ասել, որ պարզապես, համարձակություն եւ ցանկություն էր պետք, որպեսզի Թուրքիայի մեջլիսում բարձրաձայնվեր Հայոց ցեղասպանության փաստի մասին:
- Այնտեղ ցանկացած գործողություն հղի է վտանգներով, ուղղակի, պետք է ամեն ինչ դնել մի կողմ: Եթե զինվորը զենքը ձեռքին կռվում է սահմանին, որտեղ ամեն րոպե ամեն փորձանք կարող է կատարվել, ապա մեր այնտեղի բոլոր գործողությունները չեմ կարծում, որ հասարակ զինվորի արածի չափ վտանգավոր է: Այնպես որ, պետք է աշխատել: Չպետք է սահմանների պատերն էլ ավելի բարձրացնենք ու ասենք, որ այն կողմում ոչինչ չի կարելի անել` սահմանափակվելով եղածով: Ցավոք, այսօր շատերն այդ հարցում սխալվում են եւ կարծում են, որ կարելի է ոչինչ չանել ու չսխալվել եւ սա ամենաճիշտն է ու կարեւոը, բայց այդպես չէ: Ես մի քանի ամիս առաջ հենց Թուրքիայի այդ նույն խորհրդարանում ամբողջ մի օր անցկացրեցի` այն էլ եռագույն դրոշի նշանը կրծքիս: Այնտեղ հանդիպեցի բոլորի հետ` ե՛ւ Կարո Փայլանի, ե՛ւ նույնիսկ Մարգար Եսահանի, ինչպես նաեւ Քրդական կուսակցության ղեկավարության հետ: Հենց սա է այն ամբողջ աշխատանքները, որ առանց մտածելու պետք է կատարել, որը կբխի միմիայն երկու ժողովուրդների հասարակությանը ինչպես այնտեղ, այնպես էլ այստեղ պատրաստելու Ցեղասպանության ճանաչմանը, այլապես ոչինչ չի ստացվի:
- Պարոն Ախոյան, ամեն տարի այս օրը թուրք հյուրեր եք ունենում, որոնք Ձեզ հետ բարձրանում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ո՞ւմ եք այս տարի հյուրընկալել:
- Այս տարի «Ազատության մտքի հարթակ» ՀԿ ղեկավար, գիտնական Սայիթ Չեթինօղլուն է այստեղ, որը Թուրքիայում հանրահայտ ծայրահեղ ձախակողմյան քաղաքական գործիչ է: Նրա հետ միասին Անկարայում լուրջ միջոցառում էինք կազմակերպել, ինչի արդյունքում գիրք հրապարակվեց, որը լայն սպառման արժանացավ հենց Թուրքիայում եւ 11 կետանոց հայտարարություն ընդունվեց, որտեղ ասված էր ամեն ինչ: