Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի մեջլիսի երկու հայ պատգամավորները դժգոհ են Էրդողանի հայտարարությունից

24 Ապրիլ, 2016 18:17
Թուրքիայի մեջլիսի երկու հայ պատգամավորները դժգոհ են Էրդողանի հայտարարությունից

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավորները մեկնաբանել են ապրիլի 24-ին Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ ընթերցված Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Սելինա Դողանը բավարար չեն համարել այդ հայտարարությունը:

«Կարևորում եմ, որ արդեն երկրորդ անգամ պատարագ է մատուցվում եկեղեցում, սակայն երբ նախորդ տարի առաջին անգամ էր արարողությունն արվում, նախարար էր մասնակցում, ներկա պատգամավորներ կային: Այս տարվա միջոցառումը դիտարկելիս նկատում ենք, որ ամեն բան կորած է: Ակնհայտորեն տեսնում ենք, որ առերեսվելու կամքը սառեցվել է»,- նշել է Գարո Փայլանը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հենց տարելիցի օրը` ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահի հեծանվային մրցաշարն է անցկացվում: «Անցյալ տարի էլ նախագահականը Չանաքքալեում մեկ այլ միջոցառում էին կազմակերպել: Այս տարի հասկացան, որ դա անհեթեթություն էր, և չարեցին, սակայն այս տարի էլ հեծանվային մրցաշար կազմակերպեցին: Աշխարհագրական այս տարածքում ցանկացացած հինգ անձից մեկը հայ էր, և ամեն հինգ հոգուց մեկը ոչնչացվեց… Այսօր վերածվել ենք փոքրամասնության»,- նշել է Փայլանը:

Հենց այս օրը հեծանվային մրցաշար կազմակերպելու փաստը զայրացրել է նաև Սելինա Դողանին, ով նշել է, թե 2 տարի առաջվա համեմատ այժմ, ցավոք, իրենք շատ են խնդրից հեռացել: «Զատկի տոնն էլ ստիպված եղանք նշել անվտանգության միջոցների ձեռնարկման արտակարգ պայմաններում: Այսօր հանրապետության նախագահի հեծանվային մրցաշարի կազմակերպման հետևանքով արգելափակվել են մարդկանց` եկեղեցում լինելու թե բարոյական, թե ֆիզիկական հնարավորությունները: Սա իսկապես կարևոր խնդիր է… Տխրեցինք, նման օրով անհրաժեշտ էր, որ այստեղ ավելի շատ մարդ լիներ»,- նշել է Դողանը` ը նդգծելով, որ ներկայիս Թուրքիայում առերեսվելու առումով պարարտ հող չկա: Նա հույս է հայտնել, որ Թուրքիան առանց Հայաստանին նախապայմաններ ներկայացնելու քաղաքական քայլեր կձեռնարկի, իսկ մեջլիսում խնդիրը կքննարկվի առողջ մթնոլորտում:

 

Լրահոս

Դիտել ավելին