Կարևոր իրադարձություններ

Պավել Ստեփանյանը և Լևոն Լավչյանը՝ հեծանվային մրցաշարի հաղթողներ

24 Ապրիլ, 2016 17:18
Պավել Ստեփանյանը և Լևոն Լավչյանը՝ հեծանվային մրցաշարի հաղթողներ

Երևանի հեծանվահրապարակում ավարտվել է ապրիլի 21-ից մեկնարկած մեծահասակ և երիտասարդ հեծանվորդների համար 2016 թ. առաջին մեծ առաջնությունը մրցաշրջանում: Հեծանվահրապարակային հմտությունները վերստուգելու համար հեծանվորդների միջև եռօրյա թեժ պայքար է ծավալվել ընդհանուր հաշվարկով հաղթողին որոշելու համար:

2016 թ. մրցաշրջանի առաջին առաջնությունում մեծահասակների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Պավել Ստեփանյանը, ում հաջողվել է ընդհանուր հաշվարկում ամենից շատ միավորները վաստակել: Տարիքային այս խմբում երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Մհեր Մկրտչյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռոբերտ Խաչատրյանը:

Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Մարտին Շարբաթյանը, ով Պավել Ստեփանյանի մարզիչն է, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հեծանվահրապարակային եռօրյա մրցաշրջանը յուրատեսակ մեկնարկ դարձավ, անհրաժեշտ նախապատրաստություն, որը հեծանվորդներին բավականին լավ հնարավորություն ընձեռեց մարզավիճակ ձեռք բերելու:

«Պավել Ստեփանյանը բավականին հաջող հանդես եկավ, սակայն մարզիկի կարիերայի համար ինչ-որ կանխատեսումներ անել չեմ ուզում: Հեծանվորդն առողջական խնդիրներ ուներ, քթի հետ կապված հարցեր կային: Շնչառության կարգավորման տեսանկյունից դեռևս ժամանակ է պետք: Նա ավելիին է ունակ և կարող է բարելավել իր արդյունքը»,- հավելեց Մարտին Շարբաթյանը՝ Պավել Ստեփանյանի մարզիչը:

Պատանիների պայքարում լավագույն արդյունքը ընդհանուր հաշվարկով ցույց տվեց Լևոն Լավչյանը: Տարիքային այս կարգում երկրորդ տեղը գրավեց Ամո Ասուբովը, իսկ երրորդ տեղում Հովհաննես Երանոսյանն էր:

Շարբաթյանը տեղեկացրեց, որ մայիսին ևս մրցումներ են նախատեսված. «Խճուղիի Հայաստանի առաջնությունն է առջևում: Այն կկայանա մայիսի 12-ից սկսած: Կրկին եռօրյա պայքար կլինի լավագույնին որոշելու համար: Հեծանվորդներն արդեն իսկ սկսել են այդ կարևոր իրադարձությանը պատրաստվել»:

Մարզաձևի Եվրոպայի առաջնությունը կայանալու է Իտալիայում հուլիսի 12-17-ը, և մեկնարկած մրցաշրջանի միայն լավագույն երկու հեծանվորդները հնարավորություն կստանան Հայաստանը ներկայացնելու այդ մրցաշարում, այնպես որ մայիսին ևս հետաքրքիր պայքար է սպասվում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին