Կարևոր իրադարձություններ

Մենք հանձնելու ոչ մի թիզ հող չունենք. Միքայել եպիսկոպոս Աջապահյան

24 Ապրիլ, 2016 16:30
Մենք հանձնելու ոչ մի թիզ հող չունենք. Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Ապրիլյան քառօրյա պատերազմը շատ բան սովորեցրեց: Այդ օրերին հայ ժողովուրդն իր լավագույն որակները ցուցաբերեց՝ ապացուցելով, որ հայն իր հույսը միայն իր վրա պետք է դնի: Այս մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: «Այս օրերին հայ ժողովուրդն իր լավագույն որակները ցուցաբերեց,  հանեց այն, ինչը քնած էր ու փոշու տակ էր թաղված: Մաղթենք, որ հետո փոշով չծածկի»,-նշեց Միքայել սրբազանը:
 

Խոսելով տարածքների հետ տալու հնարավորության մասին՝ թեմակալ առաջնորդը շեշտեց՝ իր անձնական կարծիքով հայը հետ վերադարձնելու հող չունի: «Ես կարծում եմ, մենք հանձնելու հող չունենք, անշուշտ, ոչ մի թիզ: Հայ ժողովուրդը դեռ վերցնելիք ունի, տալիք չունի, իսկ դրա համար պետք է լինել միասնական, մաքուր, ազնիվ, պարկեշտ: Ժողովուրդն այսօր ցույց տվեց, որ միասնական է ու հայրենիքն իր համար ամեն ինչից վեր է, մնացածը երկրորդական է: Հայրենիքի համար կարելի է կյանքն էլ տալ ու  նահատակվել և հայրենիքի շենացման համար մտածել: Ժողովուրդն իր միասնականություն  ո լավագույն որակները ցույց տվեց, մնում է, որ նրանք, ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում սովորեն, օրինակ վերցնեն և իրենք էլ իրենց վրայից թոթափեն մանր-մունր բաները, ճղճիմ բաները և զբաղվեն այս երկիրը մեծացնելով  ու հզորացնելով: Մեր հաղթանակը մեր միասնության ու ուժի մեջ եմ տեսնում: Տկարն ի վիճակի չէ հաղթել»,-հավելեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին