Կարևոր իրադարձություններ

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումը եզրափակիչ հայտարարություն է ընդունել

23 Ապրիլ, 2016 20:12
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումը եզրափակիչ հայտարարություն է ընդունել

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումն ընդունեց եզրափակիչ հայտարարություն: Որոշվել է հաջորդ հանդիպումը գումարել 2018թ․ ապրիլին Հայաստանի Հանրապետությունում։ Երկրորդ գլոբալ ֆորումը կոչ է արել բոլոր երկրներին, խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և շահագրգիռ այլ կողմերին համախմբելու ջանքերը ցեղասպանության չարիքի և մարդկության հանդեպ այլ հանցագործությունների դեմ պայքարի նոր հանձնառության ոգու ներքո: Ընդունված փաստաթղթում մասնավորապես ասված է.

«Գլոբալ ֆորումը,

Ողջունում է ՀՀ ԱԺ և կառավարության նախաձեռնությունը՝ հյուրընկալելու երկրորդ գլոբալ ֆորումը Երևանում 2016թ. ապրիլի 23-ին,

Ողջունում է նաև 2015թ. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը,

Հարգանքի տուրք է մատուցում և երախտագիտություն է հայտնում բոլոր նրանց, ով հումանիտար ճգնաժամերի և ցեղասպանության օրերին հանդես եկան հանուն մարդկության և գործելով արիությամբ և զոհողությունների գնով փրկվեցին բազմաթիվ անմեղ կյանքեր,

Խորը մտահոգություն է արտահայտվում վեջերս Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ կետերում լայն տարածում գտած վայրագությունների, ահաբեկչության ու ցեղասպան գործողությունների առնչությամբ, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների համար և առաջացնում է լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամեր՝ ներառելով Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր փախստականների և տեղահանված անձանց ամենաբարձր թիվը,

Գիտակցում է, որ նման ծավալի հումանիտար ճգնաժամերը պահանջում են ջանքերի համադրում և չեն կարող դիմագրավել միայնակ՝ առանձին երկրների կողմից, և խորապես հավատում է, որ փախստականների աննախադեպ մեծ քանակությամբ տեղահանված անձանց առնչվող մարտահրավերների լուծմանն ուղղված ջանքերը ոչ մի դեպքում չեն կարող քաղաքական շահարկումների առարկա հանդիսանալ,

Կրկին բարձրաձայնում է 2015թ․ ապրիլին կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումի արդյունքում ընդունված Երևանյան հռչակագրի կոչը բոլոր պետություններին՝ հնարավորինս ներդրում ունենալ ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների ամրապնդման գործում,

Կոչ է անում բոլոր երկրներին, խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և շահագրգիռ այլ կողմերին համախմբելու ջանքերը ցեղասպանության չարիքի և մարդկության հանդեպ այլ հանցագործությունների դեմ պայքարի նոր հանձնառության ոգու ներքո,

Ընդգծում է մարդկության պատմության, ինչպես նաև ցեղասպանության պատճառների և հետևանքների դասավանդման կարևորությունը և անհրաժեշտությունն՝ անցյալի ոճրագործությունների համընդհանուր և օբյեկտիվ ճանաչման հասնելու ակնկալիքով,

Առաջարկում է հաջորդ գլոբալ ֆորումի շրջանակներում շեշտադրումը կատարել կրթության դերի, մեխանիզմների, միջոցների, և կարողությունների վրա՝ որպես ատելությունը, անհանդուրժողականությունը, այլատյացությունը վերացնելու մեր համատեղ պարտականության մաս, և հավատացած է, որ կրթությունը և գիտելիքի փոխանակումը վճռական դերակատարություն ունեն ցեղասպանության արհավիրքի վերացման գործում,

Որոշում է հաջորդ հանդիպումը գումարել 2018թ․ ապրիլին Հայաստանի Հանրապետությունում»։

 

Լրահոս

Դիտել ավելին