Կարևոր իրադարձություններ

Գյումրիում բացվեց Նազիկ Արմենակյանի «Վերապրածները» լուսանկարչական ցուցահանդեսը

23 Ապրիլ, 2016 19:12
Գյումրիում բացվեց Նազիկ Արմենակյանի «Վերապրածները» լուսանկարչական ցուցահանդեսը

 Գյումրիում «Ժողովրդական Ճարտարապետության ու Քաղաքային Կենցաղ»-ի թանգարանում ապրիլի 23-ին բացվեց Նազիկ Արմենակյանի «Վերապրածները» լուսանկարչական ցուցահանդեսը:

 

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փաստավավերագրական նախագիծը շուրջ 10 տարվա պատմություն ունի. այն մեծածավալ լուսանկարչական պատում է Հայոց ցեղասպանությունից հետո ողջ մնացածների մասին։

 

Նման լուսանկարներ անելու գաղափարը ծնվել էր  դեռեւս 2005 թվականին: «Սրանք միայն լուսանկարներ չեն« այլ վերապրողի կերպարի միջոցով 1915-ի իրադարձությունները նորօրյա իրականության հետ կապելու փորձ: Առաջինը լուսանկարեցի Ռեմելլա Ամլիկյանին, ով 100 տարեկան էր: Լուսանկարը ստացվեց, քանի որ լուսանկարի միջոցով կարողացա ցույց տալ անցյալի ու ներկայի կապը՝ 100 ամյա տատը իր ձեռքում պահում է իր 20-ամյակի լուսանկարը՝ կապելով անցյալն ու ներկան: 2 տարի անց որոշեցի շարունակել շարքը ու գտնել ավելի շատ վերապրածների՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ անկեղծանում է հեղինակը:

 

Այս շարքի համար լուսանկարիչը աշխատել է 10 տարի եւ ստացել 45 վերապրածի լուսանկար: Հեղինակը, սակայն, սրանով չի սահմանափակվում՝ լուսանկարներն ու պատմությունները ներառվել են նաև «Վերապրածները» գրքում:

 

Բոլոր լուսանկարներն էլ խոսուն են ու տպավորիչ, իսկ ամենատպավորիչ ու ծանրն  այն լուսանկարն էր, որը չնկարվեց վերապրածի կենդանության օրոք:

 

Ցուցահանդեսը 4-րդն է. նախորդը  երեքը տեղի են ունեցել անցյալ տարի: Այս տարի ևս այն կշրջի հանրապետության այլ վայրերում: Գյումրիում կմնա մինչև «Թանգարանային գիշեր» միջոցառումը:

 

Լրահոս

Դիտել ավելին