Կարևոր իրադարձություններ

«Իմ պայքարը ստրկության դեմ դեռ չի ավարտվել, կոչ եմ անում միանալ ինձ». Սայիդա Ղուլամ Ֆաթիմա

23 Ապրիլ, 2016 17:44
«Իմ պայքարը ստրկության դեմ դեռ չի ավարտվել, կոչ եմ անում միանալ ինձ». Սայիդա Ղուլամ Ֆաթիմա

«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներից Սայիդա Ղուլամ Ֆաթիման փաստում է` իր պայքարը ստրկության դեմ դեռ չի ավարտվել: Իր գործունեության ընթացքում բազմաթիվ մարդկային կյանքեր փրկած «Ավրորա»-ի հավակնորդն այս մասին նշեց Aurora Dialogues քննարկումների ընթացքում:

«Ես դարձա ձայնազուրկ մարդկանց ձայնը: Հիմա 35 տարեկան էլ չկամ: Երբ սկսեցի պայքարել, դեռահաս էի` 15 տարեկան: Այն ժամանակ կանայք զրկված էին արտոնություններից, դատապարտված էին կախյալ աշխատանքի և ստրկության, ճորտության»,- նշեց Սայիդա Ղուլամ Ֆաթիման:

Ֆաթիման դեռահաս էր, երբ տեսավ այն, ինչը ոչ մի երեխա երբեւէ չպետք է տեսնի՝ ստրկություն։ Նա շրջապատված էր մարդկանցով, որոնց արժանապատվությունը գողացել էին Պակիստանի աղյուսի թրծավառարաններում, որտեղ նրանց ստիպում էին աշխատել զենքի ուժով՝ արեւածագից մինչեւ արեւամուտ։ 80 հազար մարդ պետք է նրան երախտապարտ լինի ստրկությունից ազատվելու համար։

«80 հազար ստրուկ աշխատողներ կային, և նրանցից 50 հազար կին: Իմ երկարամյա պայքարը տվեց արդյունքներ. մենք ազատագրեցինք ձայնի իրավունքից զրկված աշխատողներին: Իմ պայքարը ստրկության դեմ դեռ չի ավարտվել, կոչ եմ անում միանալ ինձ, միացյալ ուժերով մենք կկարողանանք հաղթահարել: Մենք կարող են փոխել աշխարհը խաղաղ եղանակով: Մենք ինքներս փոփոխություն ենք»,-նշեց նա:

Սայիդա Ղուլամ Ֆաթիման The Aurora Prize for Awakening Humanity/ «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներից մեկն է: Մրցանակի ընտրող հանձնաժողովը կարեւորել է նրա արարքների բացառիկ ազդեցությունն ու նշանակությունը. նա վտանգելով իր կյանքը փրկում է մարդկանց՝ նրանց տալով գոյատեւելու եւ բարօրության հասնելու հնարավորություն:

Ապրիլի 23-ին 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունը անցկացնում է Aurora Dialogues քննարկումներն՝ աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա փորձագետների եւ մարդասիրության ոլոտի առաջատարների մասնակցությամբ: Այն մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում։ Ելույթների, քննարկումների եւ հարցուպատասխանի միջոցով՝ Aurora Dialogues-ը նպատակ ունի սկիզբ դնել հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու եւ ավելի լավ ապագա ձեւավորելու կարեւորությանը։ Քննարկվում են մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկա վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության գործում կանանց դերը եւ հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին