Կարևոր իրադարձություններ

Համոզված էինք, որ ԼՂ հարցը կարող է լուծվել փոխզիջումների հիման վրա, բայց իրավիճակն այլ է. Սերժ Սարգսյան

23 Ապրիլ, 2016 16:03
Համոզված էինք, որ ԼՂ հարցը կարող է լուծվել փոխզիջումների հիման վրա, բայց իրավիճակն այլ է. Սերժ Սարգսյան

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովի աշխատանքներին մասնակցող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նիստերի միջև նախատեսված ընդմիջման ժամանակ շփումներ է ունեցել համաժողովի պատվիրակների հետ, զրուցել տարբեր մասնակիցների հետ, ներկայացրել Հայաստանի տեսակետը առանձին հարցերի վերաբերյալ: Նախագահը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացում Ռուսաստանի դերակատարության մասին հարցի շուրջ: «Երեկ ես ընդունել եմ Երևանում այցով գտնվող արտգործնախարար Լավրովին, ում ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակից հետո մեր դիրքորոշումը: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ակտիվ ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Տարիներ շարունակ մենք այդ գործընթացի պատասխանատու մասնակիցն ենք եղել, փորձել ենք գտնել փոխընդունելի որոշումներ, լինել կառուցողական: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից 1994թ. հրադադարի համաձայնագիրը կոպտորեն ոտնահարելը բանակցային գործընթացը մղեց հեռու մի կողմ: Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր ունենք այլ իրավիճակ: Ոտնահարվել են զինադադարի և դրա ամրապնդման մասին համաձայնագրերը, արհամարհվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարությունները, կատարվել են ռազմական սահմռկեցուցիչ հանցագործություններ. ու մենք հիմա ասում ենք բոլորին՝ մատնացու՛յց արեք ագրեսորին, մատնացու՛յց արեք, որ դասեր քաղվեն ու հնարավոր լինի առաջ շարժվել»,- ասել է Սերժ Սարգսյանը, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին