Կարևոր իրադարձություններ

Արցախ ուղղված օգնությունը 7 մլրդ դրամից ավելի է, ուղղակի վնասը՝ 400-500 մլն. Արա Հարությունյան

23 Ապրիլ, 2016 14:58
Արցախ ուղղված օգնությունը 7 մլրդ դրամից ավելի է, ուղղակի վնասը՝ 400-500 մլն. Արա Հարությունյան
Արցախում ապրիլյան ռազմական գործողությունների վնասները բաժանում են երկու խմբի՝ ուղղակի և անուղղակի: Ուղղակի վնասը հաշվվում է մոտ 400-500 մլն դրամ, անուղղակի վնասն ավելի մեծ է և ամբողջ ծավալն ու տնտեսության վրա ազդեցությունը կհստակեցվի տարեվերջին: Այդ մասին է հայտարարել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը:
 
«Օրինակ՝ ներդրումների մասով, ինչպիսի վարքագիծ կընդունեն մեր հավանական ներդրողները: Միանշանակ ազդեցություն կլինի ՓՄՁ-ի վրա, նաև ակտիվ գյուղատնտեսական աշխատանքների շրջան է՝ գարնանացան, այսօր սածիլը պետք է դրված լինի, հողը պատրաստ, բայց ամբողջ երկիրն ուղղված էր մարտադաշտին սպասարկելուն, մեր տղամարդիկ առաջնագծում էին: Հիմա հաշվարկել ամբողջական վնասը դժվար է լինելու, ամեն ինչ ավելի պարզ կլինի տարեվերջին»,- ասել է Հարությունյանը:
 
Նրա խոսքով, դեպի Արցախ ուղղված օգնության ծավալը միայն պարենի մասով կազմում է մոտ մոտ 1 մլրդ 200 մլն դրամ. « Եվս 2 մլրդ դրամի նյութական աջակցություն ենք ստացել, մի մասը պահեստներում է, մյուս մասը բաժանվել է բանակին և ժողովրդին: Դրամական օգնությունն այսօրվա տվյալով հասնում է 4 մլրդի: Կառավարությունը հրապարակում է միայն Կառավարության արտաբյուջետային հաշիվը, բայց Ազատամարտիկների միությունը ևս ավելի քան 700 մլն դրամի աջակցություն է ստացել: Փոխանցումները դեռ շարունակվում են», – նշել է ԼՂ վարչապետը:
 
Հարությունյանն ընդգծել է, որ պարենի մասով Արցախում մեծ պահեստներ կային, Արցախը պարտավոր էր պատրաստ լինել նման իրավիճակի, այս առումով խնդիր այնքան էլ չկար: Սակայն առաջին երկու օրը հիմնականում պարենային աջակցություն էր հասնում և ուղղվում բանակին, տեղահանվածներին: Կառավարությունը համակարգել է այս գործընթացը, պահեստավորել, կազմակերպել առաքումը և այլն: Հետագայում աշխատանքի պարենային ուղղության ավելացել է նաև ոչ պարենային և դրամական մասը: Իսկ ավելի ուշ արդեն գույքագրում է եղել և օգնության պատրաստակամություն հայտնած մարդիկ հուշում են ստացել, թե ինչի կարիք կա:
 
«Փոխանցումը կատարելիս մարդիկ նշում են նպատակը՝ սոցիալ-տնտեսական կամ զոհվածների ընտանիքին, բանակի մարտունակությանը: Այդպես էլ անում ենք, բայց միջոցները հիմնականում ուղղվելու են այն ծրագրերին, որոնք ՊԲ-ն համարելու է առաջնահերթ: Արդեն սկսված են որոշ սարքավորումների ձեռքբերման գործընթացները: Այս ամենը կանոնակարգվելու է, և մենք փորձելու ենք թափանցիկ աշխատել՝ փարատելով այդ գումարների արդյունավետ օգտագործման շուրջ հնարավոր կասկածները», ասաց Արցախի վարչապետը:
 
Արա Հարությունյանն անդրադարձել է նաև վնասված բնակավայրերը վերականգնելու և տեղահանվածների վերադարձի խնդրին՝ նշելով, որ ավերածությունները վերականգնելը հեշտ է լինելու: «Մատաղիսում, օրինակ, արդեն սկսել ենք և օրերի հարց է: Խնդիրը հոգեբանական է: Բնակիչների հետ հանդիպումների ժամանակ զգում ենք, որ վախը, մանավանդ թալիշեցիների մոտ, երկար է մնալու: Այս մարդիկ արդեն երկրորդ անգամ են նման իրավիճակում հայտնվում: Բարդ է լինելու», – ասել է Հարությունյանն ու ավելացրել՝ պայմանավորող գործոն է նաև ընդհանուր կայունությունը, այսինքն՝ ինչքանով են այդ մարդիկ երաշխավորված լինելու, որ սա վերջին անգամ է:
 
Մատաղիսցիների դեպքում ավելի հեշտ է լինելու: Նրանց մի մասն այսօր արդեն պատրաստ է վերադառնալ: Արցախի կառավարությունում վստահեցնում են՝ նրանց աջակցելու են՝ սոցիալական նոր երաշխիքներ, նոր ծրագրեր, բայց կարևորը մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց երեխայի ապագան անվտանգ է: Աջակցության գործիքները, նաև բավական շատ օգնություն կա. այս մասով որևէ խնդիր չի լինելու:
 
Տուժած տնտեսական օբյեկտների մասով վարչապետը հավելեց, որ դրանք արդեն վերականգնվում են: «Մատաղիս 1 ՀԷԿ-ն, օրինակ, վնասվել է, բայց արդեն փորձում ենք աշխատացնել», – ասել է Հարությունյանը:
 
Աղբյուրը`1in.am
 

Լրահոս

Դիտել ավելին