Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցային սեղան. Անդրանիկ Մանուկյան

23 Ապրիլ, 2016 15:37
Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցային սեղան. Անդրանիկ Մանուկյան

Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը ուկրաինական առաջատար «Կիև Փոստ» պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ապրիլյան քառօրյա պատերազմի, Ուկրաինայում ազգամիջյան հարաբերությունների վրա դրա ազդեցության, հակամարտության լուծման միակ ճիշտ ճանապարհի, հայ-ուկրաինական ներկա հարաբերությունների և Ուկրաինայում հայկական սփյուռքի ակտիվության գնահատման վերաբերյալ հարցերին:

-Պարոն դեսպան, ի՞նչ եք կարծում, ինչու՞ է Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն այժմ սրվել:

- Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին ճնշումները վերջին տարիներին աճել են: Ադրբեջանի վայրագությունները ինչպես և սպասվում էր սրեցին իրավիճակը: Ապրիլի 2-ի գիշերը, ադրբեջանական կողմը շփման գծում սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ՝ հարավային, հարավ-արևելյան և հյուսիս-արևմտյան ուղղություններով՝ օգտագործելով հրետանի, զենք ու զրահ, ավիացիա: Իմ գնահատմամբ՝ դրանք մանրակրկիտ ծրագրված լայնածավալ ռազմական գործողություններ էին: Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշեց հակառակորդի ագրեսիան: Երբ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը անցավ հակահարվածի, ադրբեջանցիները ստիպված հրադադար հայտարարեցին:

- Ձեր կարծիքով, ո՞րն է հակամարտության լուծման ճիշտ ճանապարհը:

- Անհրաժեշտ է հաշվի առնել, որ նմանատիպ ռազմական հակամարտությունները կարող են լուծվել միայն խաղաղ ճանապարհով: Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցային սեղան: Համաշխարհային հանրությունը պահանջում է, որ հակամարտությունը կարգավորվի բանակցությունների միջոցով, այդ է պատճառը, որ 1991թ. ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը: Բոլորը պետք է հասկանան, որ հայերը խաղաղասեր ազգ են, բայց լայնածավալ ռազմական ագրեսիաների դեպքում մենք կկանգնենք մեր հայրենիքի պաշտպանության համար: Ինչպես ադրբեջանական ձախողված բլից-կրիգը ցույց տվեց, Լեռնային Ղարաբաղը պատրաստ է ամեն ինչի:

- Ինչպե՞ս է ընթացիկ հակամարտությունն ազդում Ուկրաինայի վրա:

- Նախ և առաջ, ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ուկրաինայի ժողովրդին՝ իրենց աջակցության համար: Այս ծանր օրերին Հայաստանի դեսպանատունը ստանում է բազմաթիվ զանգեր Լեռնային Ղարաբաղում տուժածներին օգնելու նպատակով: Լինելով Ուկրաինայում Հայաստանի դեսպան՝ ես միշտ ձգտել եմ խուսափել Ուկրաինայում հայկական և ադրբեջանական համայնքների միջև բախումներից: Դժբախտաբար, Ուկրաինայում կան տեղեկատվական սադրանքների դեպքեր, ուղղված հայերի դրական կերպարի խաթարմանը՝ ղարաբաղյան կոնֆլիկտի տեսանկյունից: Ավելին, Ադրբեջանի որոշ պնդումներ վնասում են Ուկրաինայում հայկական և ադրբեջանական համայնքների՝ այդ երկրում խաղաղ բնակվելուն: Ես չեմ ուզում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ծառայի որպես առիթ՝ էթնիկական ատելություն հրահրելուն:

- Որպես Ուկրաինայում Հայաստանի դեսպան՝ Դուք մշտապես համագործացում եք Ուկրաինայի հայկական համայնքի հետ: Զարգացման ո՞ր փուլին է հասել համայնքը:

- Ես շատ լավ տեղեկացված եմ Ուկրաինայում հայ համայնքի գործունեությունից և վստահ եմ, որ նման հայրենասիրություն և միասնականություն, որը կա Ուկրաինայի հայկական համայնքում շատ դժվար է գտնել այլ երկրներում, որտեղ գործում են հայկական խոշոր համայնքներ: Ես միշտ սերտորեն համագործակցում եմ հայ համայնքի բոլոր անդամների հետ և ցանկանում եմ ընդգծել մի շատ կարևոր առանձնահատկություն. երևի թե Ուկրաինան այն եզակի երկրներից է, որտեղ տեղի սփյուռքահայության ու Դեսպանատան միջև առկա է նման կարգի համատեղ և համակարգված աշխատանք:

 

- Խնդրում եմ գնահատել Հայերի Միության գործունեությունն Ուկրաինայում:

 

- Ուկրաինայի հայերի ինտեգրացիան մեկ կազմակերպությունում մեծ հաղթանակ է: Մեծ հայ համայնքի կողմից համատեղ ծրագրին հետևելն ուղղված է հօգուտ հայ-ուկրաինական հարաբերությունների և ուկրաինացիների շրջանում հայերի դրական կերպարի ձևավորմանը: Ուկրաինայի Հայերի Միության (ՈւՀՄ) գործունեության միջոցով հայերը կարող են ուկրաինական հասարակության լիարժեք անդամներ լինել: Հայերի Միության ղեկավար Վիլեն Շատվորյանի դերը կազմակերպության հաջողության մեջ չպետք է շրջանցել: Նաև նրա ջանքերի շնորհիվ Ուկրաինայում հայերը դարձել են ավելի միավորված և ՈւՀՄ-ն շարունակում է հասնել նպատակներին և հետևել կազմակերպության զարգացման ընդհանուր ծրագրին:

 - Ուկրաինացիները միշտ լավ են վերաբերվել հայերին: Ո՞րն է դրա պատճառը՝ ուկրաինացիների ընկերասիրությունը, թե հայերի դրական կերպարն Ուկրաինայում:

 

-Այդ հարցի ամենաընդգրկուն պատասխանը կարող եք գտնել Իրինա Գայուկի կողմից հրատարակված «Հայկական մշակույթը Ուկրաինայում» հանրագիտարանում: Իրականում, ուկրաինացիները և հայերը միևնույն ճակատագրով երկու եղբայրական ժողովուրդներ են, և նրանց բարի-դրացիական հարաբերությունները սկիզբ են առել դարեր առաջ: Շուրջ հազար տարի ապրելով Ուկրաինայում շատ հայեր իրենց ներդրումն են ունեցել այստեղի տնտեսությունում, մշակույթում և քաղաքականությունում: Մեր օրերում տեղի հայերը, լինելով Ուկրաինայի քաղաքացիներ, կիսում են Ուկրաինայի տխրությունն ու ուրախությունը և Ուկրաինայի համար պատրաստ են առավելագույնի: Որպես ասածիս օրինակ՝ ցանկանում եմ մեջբերել մի մռայլ վիճակագրություն՝ պաշտոնական տվյալների համաձայն ավելի քան 87 ծագումով հայ տղամարդ է զոհվել հակաահաբեկչական գործողությունների գոտում՝ Ներքին գործերի նախարարության,Ազգային անվտանգության և Պաշտպանության նախարարության հետ պաշտպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

 

 - Դուք նշել եք, որ ուկրաինացիներն ու հայերն ունեն նման ճակատագիր, Սովամահությունը ուկրաինացիների համար ողբերգական տարելից է , հայերի համար դա 1915թվականն է՝ Օսմանյան կայսրության կողմից Հայոց Ցեղասպանությունը: Ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել ուկրաինացիներին Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի նախաշեմին:

 - 1915թ.-ը 20-րդ դարի պատմության ամենամռայլ էջն է: Դա Օսմանյան Կայսրության կողմից նախապես ծրագրված դաժան բնաջնջում էր`ազգային, էթնիկական և կրոնական հողի վրա, որին ո՛չ եվրոպական, ո՛չ ասիական երկրները երբևէ չէին բախվել: Թեև Ուկրաինան պաշտոնական մակարդակով դեռ չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, սակայն առաջին անգամ՝ 2015թ.-ին, Վերխովնա Ռադայում (Ազգային ժողով) մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915թ. ողբերգական դեպքերի զոհվածների հիշատակը: Ես շատ զգացված էի Ուկրիաինայի ժողովրդի ուշադրությունից, աջակցությունից և Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին նման լայնամասշտաբ մասնակցությունից: Հույս ունեմ, որ ժամանակը կգա և Ուկրաինան կճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Մենք չենք մոռանում այն սարսափելի դեպքերը, որոնք հայ ժողովրդի պատմությունը բաժանեցին երկու մասի՝ «առաջ» և «հետո»: Դա է պատճառը, որ մենք պահանջում ենք Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից, պահանջում ենք նրանց նախահայրերի կողմից կատարված հանցագործության ընդունում: Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը հիշեցում կլինի ժամանակակից համաշխարհային հանրությանը՝ մարդկության դեմ ուղղված նմանատիպ հանցագործությունների անընդունելիության վերաբերյալ: 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին