Կարևոր իրադարձություններ

Միջպետական ավտոճանապարհների փոսալցման աշխատանքները շարունակվում են

23 Ապրիլ, 2016 13:51
Միջպետական ավտոճանապարհների փոսալցման աշխատանքները շարունակվում են

Եղանակների բարելավումից անմիջապես հետո ՀՀ միջպետական նշանակության ավտոճանապարհներին սկսվել են փոսալցման աշխատանքները։ Աշխատանքներ են իրականացվում նաև շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհին։ Ճանապարհի բարեկարգումը արագ ավարտելու նպատակով միջպետատան մայրուղու այս հատվածում աշխատում են ճանապարհաշինական 9 կազմակերպություններ։ Այստեղ է տեղափոխվել նաև լրացուցիչ տեխնիկա: Ճանապարհի բարեկարգման աշխատանքները գտնվում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ամենօրյա հսկողության տակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական մայրուղու ողջ երկայնքով, ըստ անհրաժեշտության, իրականացվում են բիտումապատման և փոսալցման աշխատանքներ: Ճանապարհի 65-91կմ տարածքն ընդգրկող Արարատի տարածաշրջանի ճանապարհահատվածում բարեկարգման աշխատանքներն իրականացնում են «Արարատի ճանշին» ՍՊ ընկերության աշխատակիցները։ Այստեղ ճանապարհի անբարեկարգ հատվածների փոսալցումներն արդեն ավարտվել են, և այս ճանապարհահատվածով անցնող ցանկացած անցորդ կնկատի, որ իրականացվել են մեծ ծավալի աշխատանքներ: «Արարատի ճանշին» ՍՊ ընկերության աշխղեÕ ¯ Արարատ Հակոբյանի խոսքով՝ շուրջօրյա աշխատանքի շնորհիվ կարողանում են կատարել բավականին ծավալուն աշխատանքներ: Փոսալցման աշխատանքներն ընթացքի մեջ են նաև Վայքի տարածաշրջանում: Ճանապարհների սպասարկումն այստեղ իրականացնում է «Վայքի ՃՇՇ» ՍՊ ընկերությունը:

Աղվան Դավթյանն այս ընկերությունում որպես ճանապարհաշինարար աշխատում է արդեն 33 տարի: Բազմամյա փորձ ունեցող վարպետը վստահեցնում է, որ ճանապարհը բարեկարգելու համար արվում է ամեն ինչ: «Սիսիանի բուատ» կազմակերպության մոտ 60 աշխատակիցների ջանքերով Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի- Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի Սիսիանի զանգեր - Գորիսի սահման ճանապարհահատվածում իրականացվում են փոսալցման աշխատանքներ: «Սիսիանի բուատ» ճանապարհաշինական ընկերության տնօրեն Արմեն Անդրեասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեծ ծավալի փոսերի առաջացման պատ ճառն այն է, որ ճանապարհը երկար ժամանակ՝ մոտ 15 տարի, չի հիմնանորոգվել: Բայց ընկերության աշխատակիցներն ամենօրյա երկարաժամ աշխատանքի ընթացքում աշխատում են ուժերի գերլարումով, որպեսզի իրենց սպասարկմանը տրամադրված 52 կմ երկարություն ունեցող ճանապարհահատվածը արագ բարեկարգվի։ «Կատարվել է շուրջ 45000 քմ փոսակտրման աշխատանք։ Օրական կատարվում է մոտ 3000 քմ փոսալցում։ Ընկերության տեխնիկական պարկը լրիվ հագեցված է. ցանկացած տեխնիկա ունենք՝ առավելագույն չափով աշխատանքները կատարելու համար»,- ասաց ընկերության տնօրենը: Նշենք նաև, որ փոսալցման աշ խատանքներն ավարտելուց հետո ճանապարհաշինարարները կսկսեն կողնակների հարթեցման, վնասված արգելափակոցների վերականգնման, կողային առուների մաքրման և վնասված ճանապարհային նշանները թարմացնելու աշխատանքները։ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել ապրիլի վերջին:

 

Լրահոս

Դիտել ավելին