Կարևոր իրադարձություններ

«Ես խորապես հիասթափված եմ» Ադամ Շիֆ

23 Ապրիլ, 2016 12:19
«Ես խորապես հիասթափված եմ» Ադամ Շիֆ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը նախագահ Բարաք Օբամայի` Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա կապակցությամբ ուղերձի հրապարակումից հետո հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որում իր հիասթափությունն է հայտնել Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթը չարտասանելու առնչությամբ։

 

«Ես խորապես հիասթափված եմ, որ նախագահ Օբաման կհեռանա իր պաշտոնից` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ տված խոստումն այդպես էլ չիրագործելով։ Պատմությունն այդքան լավ իմացող նախագահի համար, ով սենատոր ու նախագահի թեկնածու եղած ժամանակ այնպիսի ջերմեռանդությամբ էր խոսում Ցեղասպանության թեմայի շուրջ, միշտ պաշտպանում էր մարդու իրավունքները, ներկայիս ընտրած լռության տարբերակն այնքան ցավալի է: Թուրքիային հաճոյանալու համար լռության պահպանումը բարոյական արդարացում չունի ու հակառակ արդյունքն է ունենալու»,- մեջբերում է Asbarez-ը Շիֆի հայտարարությունը։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ կոնգրեսականը բաց նամակով դիմել էր Օբամային` կոչ անելով պաշտոնավարման վերջին տարում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
 

«Հույս ունեմ, ինչպես և Ցեղասպանությունը վերապրածների միլիոնավոր հայ ժառանգներ ողջ աշխարհում, որ նա (Բարաք Օբաման Tert.am) կօգտագործի իր վերջին հնարավորությունը, որպես նախագահ, Ցեղասպանության մասին պարզ խոսելու համար և կասի, որ Օսմանյան կայսրությունը ցեղասպանության հանցագործություն է կատարել` փորձելով ջնջել հայերին Երկրի երեսից և գրեթե հասնելով իր նպատակին՝ նրանց բնաջնջման արշավը, այնուամենայնիվ, չի հաջողվել:  Եվ որ ամենակարևորն է՝ կասի, որ չենք մոռանա և չենք լռի»,- ասել էր նա։
 

Հիշեցնենք, որ երեկ Սպիտակ տան մամուլի քարտուղարությունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա առթիվ:

«Այսօր հանդիսավոր կերպով ոգեկոչում ենք 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագության` Հայոց Մեծ եղեռնի հիշատակը, երբ միլիոն ու կես հայերի տեղահանել, կոտորել և արտաքսել են Օսմանյան կայսրության վերջին օրերին»,- ասել է Օբաման։

 

Լրահոս

Դիտել ավելին