Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ պատգամավոր. «Տարածքների վերադարձի վերաբերյալ որևէ մեկն առայժմ չի պատրաստվում ոչինչ քննարկել». «Հրապարակ»

23 Ապրիլ, 2016 09:57
ՀՀԿ պատգամավոր. «Տարածքների վերադարձի վերաբերյալ որևէ մեկն առայժմ չի պատրաստվում ոչինչ քննարկել». «Հրապարակ»

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան մեծ իրարանցում էր առաջացրել հայկական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում։ Ամեն տեսակի սցենարներ շրջանառվեցին՝ ռուս-ադրբեջանական ծրագրի իրականացում, տարածքների հանձնում, լավրովյան մեկ այլ՝ ավելի վատ փաստաթղթի ներկայացում և այլն։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանին «Հրապարակ»-ը հարցրել է՝ Լավրովի այցի արդյունքներն ինչպիսի՞ն էին, ի՞նչ էինք սպասում և ի՞նչ ստացանք։

Զաքարյանի կարծիքով՝ Լավրովի այցից նախ կարևոր էր այն, որ հստակ և պահանջկոտ դիրքորոշում է արտահայտվել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի և հրադադարի ռեժիմը պահպանելն ամրապնդելու վերաբերյալ։ Բացի այդ, ըստ պատգամավորի, շատ հստակ ուղերձ կար՝ ուղղված Ադրբեջանին, որ ԼՂՀ խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չի կարող ունենալ, և որևէ կերպ հույսեր փայփայել՝ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար, արդարացված չեն։...

Հարցին՝ ի՞նչ նորություն արձանագրվեց Լավրովի այցով, նա պատասխանել է. «Նորությունը, որ 1994-95 թթ. համաձայնագիրը շարունակում է մնալ հրադադարի հիմք, և այն անժամկետ է, այսինքն՝ չի կարող վերանայվել և պետք է պահպանվի»։

Լրատվամիջոցներում, մասնավորապես՝ ռուսական հայտնի պարբերականներում, «լավրովյան փաստաթղթի» մասին էր խոսվում, որ դա Մադրիդյան սկզբունքների «արդիականացված» տարբերակն է լինելու, և որը պետք է Լավրովը ներկայացներ մեզ....«Եկեք լրատվամիջոցներին չանդրադառնանք։ Մեզ համար խիստ էական և առաջնային է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Մինչև որ կարգավիճակի հարցի վերաբերյալ կողմերի միջև չլինեն հստակ ամրագրված ձևակերպումներ, բնականաբար, այդ ձևակերպումների շուրջ քննարկումներն ուղղակի զուտ քննարկումներ են»։

Թերթի դիտարկմանը, թե ՌԴ արտգործնախարարի այցին ընդառաջ՝ աղմուկ բարձրացավ, թե տարածքների վերադարձման հարց կարող է քննարկվել, որ հնարավոր է Ռուսաստանը ոչ մեր օգտին հարցի լուծում առաջարկի և այլն..., Ա. Զաքարյանը պատասխանել է. «Տարածքների վերադարձի վերաբերյալ որևէ մեկն առայժմ չի պատրաստվում ոչինչ քննարկել։ Այսօր պետք է վերադառնալ խաղաղ կարգավորման հուն, ստեղծել լիարժեք մեխանիզմներ՝ հրադադարի խախտման դեպքերը քննելու։ Այսօր պետք է Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ և մի հստակ ամրագրում ունենալ, որ Ադրբեջանում ևս ընկալում են խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»։

 

Լրահոս

Դիտել ավելին