Կարևոր իրադարձություններ

Արցախում վիրավորված զինծառայողներից մեկն այս շաբաթ կվիրահատվի, իսկ մյուսն արդեն քայլում է

26 Հոկտեմբեր, 2015 18:27
Արցախում վիրավորված զինծառայողներից մեկն այս շաբաթ կվիրահատվի, իսկ մյուսն արդեն քայլում է

Արցախում սեպտեմբերի 25-ին հակառակորդի հրետակոծության հետևանքով վիրավորված զինծառայող Արկադի Մուրադյանը ուրբաթ օրը կվիրահատվի:

Այս մասին Shabat.am-ին փոխանցեց Արկադի Մուրադյանի մայրը՝ տկն. Հայկուշը:

«Արկադին դեռ ցավեր ունի, մատները չի կարողանում շարժել, բայց արյունն արդեն կարգավորվել է,ինքնազգացողությունն արդեն մի փոքր լավ է, պետք է վիրահատվի»,-ասաց զինծառայողի մայրը:

Վիրավորված մեկ այլ զինծառայող Սաֆար Սաֆարյանի քույրն էլ՝ Սյուզի Սաֆարյանը մեզ փոխանցեց, որ եղբոր վիճակն արդեն կարգավորվում է:

«Սաֆարի մոտ հիմա հետվիրաբուժական ընթացք է: Մեջքի վերքի հատվածն է արդեն փակվում: Կամաց-կամաց մի քանի քայլ է անում: 4-5 քայլ ինքնուրույն արել է»,-ասաց Սյուզի Սաֆարյանը:

Քրոջ խոսքով, կատարվածի մասին աշխատում են շատ չխոսել եղբոր մոտ, քանի որ նա ծանր է տանում: Զոհված զինծառայողներից մեկը՝ Հարութը, Սաֆարի ընկերն է եղել և հարզատաները աշխատում են այդ թեմայով շատ չխոսել:

Բժիշկների խոսքով, Սաֆար Սաֆարյանին երկար բուժում է պետք, նա դեռ պետք է ֆիզիոթերապիա ընդունի:

«Այդ օրը եղբայրս ու հայրս գնացել էին Մադաղիս, եղբորս տեսակցության, մայրս տանը մենակ է եղել, ես անընդհատ զանգում էի նրան, անտրամադիր էր, անհանգիստ, բայց չէր պատկերացնում, որ Սաֆարի հետ մի բան կպատահի: Հետո չէր հավատում, ասում էր Սաֆարը դեռ դիրքեր չի գնում,նոր են եկել նրա մոտից, չէր ուզում հավատալ: Հետո երբ անունները կարդացինք ինտերնետում,իմացանք, շատ ծանր տարավ: Անբացատրելի է այդ ամեն ինչը, մինչև գնացինք հասանք հոսպիտալ: Երբ տեսավ, մի փոքր հանգստացավ: Հիմա արդեն հանգիստ է»,-պատմեց Սյուզի Սաֆարյանը:

 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով մահացու վիրավորվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  եւ Կարեն Գեւորգի Շահինյանը  (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր:

 

Լրահոս

Դիտել ավելին