Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ-ն թաքցնում է կորուստները. ադրբեջանցի փորձագետ

22 Ապրիլ, 2016 17:17
Ադրբեջանի ՊՆ-ն թաքցնում է կորուստները. ադրբեջանցի փորձագետ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է թաքցնել ապրիլի1-5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իր սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական ուժերի ջախջախիչ հակահարվածների արդյունքում ունեցած կորուստի իրական ծավալները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ հայտնում է, որ Ադրբեջանի հասարակության մեջ ուժգնանում է դժգոհությունն առ այն, որ պաշտոնական շրջանակները շարունակում են ժողովրդից թաքցնել ապրիլի սկզբին զինված ուժերի ունեցած կորուստների իրական թվաքանակը:

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ զինված ուժերում կորուստների մասին տեղեկատվություն չի հաղորդում, քանի որ դա «պետական գաղտնիք» է: Հետաքրքիր է, որ Ադրբեջանի ՊՆ-ն չի հայտնել նաև ապրիլի սկզբին ռազմական գործողություններում այդ երկրի նախագահի կողմից ապրիլի 19-ին պարգևատրված զինծառայողների թիվն ու անունները՝ դա ևս «պետական գաղտնիք» համարելով:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն ապրիլի 5-ին հայտնել էր 16 զինծառայողներ կորցնելու մասին, մի քանի ժամ հետո այդ թիվը հասցրել էր 31-ի: «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը հայտնել էր, որ ապրիլի 1-5-ին ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական կողմը կորցրել է 95 զինծառայող (50 զինվոր, 12 պայմանագրային զինծառայող, 11 ենթասպա, 22 սպա), չբացառելով, որ այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:

Թերթի հետ զրույցում քաղաքագետ Արաստուն Օրուջլուն այդ առնչությամբ ասել է, որ «տեղեկատվության պակասը նվազեցնում է պետության և իշխանության նկատմամբ հասարակության վստահությունը»:

Նա նշել է հայտնել, որ Ադրբեջանի իշխանության կողմից ստույգ տեղեկատվության տարածման վրա դրված արգելքն է պատճառը, որ Ադրբեջանը պարտվում է տեղեկատվական պատերազմում:

«Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ռազմական փորձագետ Ջասուր Սումերենլին transparancy.az-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի ՊՆ-ը կորուստները թաքցնում է՝ նրանց թիվը սպասվածից մի քանի անգամ մեծ լինելու պատճառով:

«ՊՆ համար միանգամայն անթույլատրելի է հատկապես զոհված զինծառայողների անուններն ու նրանց ընդհանուր թվի չբացահայտումը: Գտնում եմ, որ կորուստի վիճակագրության թաքցնելու գլխավոր պատճառն այն է, որ ՊՆ-ը չէր սպասում, որ ռազմական գործողությունների ժամանակ այդքան շատ կորուստ կունենար և հայտարարում է այն թիվը, որքան նախատեսել էր: Սակայն կառույցը կորստի իրական թիվը ստիպված թաքցնում է, քանի որ այն իր նախատեսածից մի քանի անգամ մեծ է»,- ասել է նա:

Ջասուր Սումերենլին անհասկանալի է համարում նաեւ երկրի նախագահի կողմից պարգևատրված զինծառայողների անուններն ու թիվը հասարակությունից թաքցնելը՝ նշելով, որ ժողովուրդը պետք է իմանա նրանց անունները:

Ռազմական փորձագետը գտնում է, որ Ադրբեջանի ՊՆ կայքին կից պետք է ստեղծվի ադրբեջանական կողմի կորուստների վիճակագրությունն արտացոլող ցուցակ, որում պետք է նշվեն ղարաբաղյան առաջին պատերազմի և 1994 թվականի զինադադարից հետո տարիներին Ադրբեջանի զոհված հազարավոր զինծառայողների անունները: «Դա անպայման պետք է արվի»,- նշել է նա:

Միջազգային Bellingcat վերլուծական խումբն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստն իր «զգուշավոր գնահատականներով» նվազագույնը 400 զինծառայող է:

ԼՂՀ ՊԲ տվյալներով՝ ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:

 

Լրահոս

Դիտել ավելին