Ամերիկյան Faraday Future նորաստեղծ ընկերությունն էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտ մուտք գործելուց կարճ ժամանակ անց բավական հեռանկարային ընկերության համբավ է ձեռք բերել։
Ինչպես նշում է The Business Insider-ը, այն արդեն համապատասխան տարածք է գնել Կալիֆորնիայում 1 մլրդ դոլար արժողությամբ գործարանի համար, աշխատանքի է ընդունել Tesla, BMW, GM, SpaceX ընկերությունների նախկին աշխատակիցների մի մասին, ինչպես նաև ձեռք է բերել մոտ 100 արտոնագիր:
Հայտնի է, որ Faraday Future-ի մասնագետները ներկայում աշխատում են էլեկտրական մեքենաների ստեղծման ուղղությամբ, որոնց մասին դեռևս շատ քիչ բան է հայտնի։
Վերջերս ընկերությունը հրապարակել է ներկայացվելիք կոնցեպտի լուսանկարը, որից ևս հնարավոր չէ որոշակի հետևություններ անել։
Ընկերության ներկայացուցիչները պատմել են, որ մեքենաների նախնական օրինակները պատրաստ կլինեն տարեվերջին ու հենց այդ ժամանակ էլ կցուցադրվեն։