Կարևոր իրադարձություններ

Ոստկանապետի սպառնալիքից հետո Շահեն Հարությունյանը չի դիմի ոստիկանություն. խեղկատակություն է

22 Ապրիլ, 2016 13:56
Ոստկանապետի սպառնալիքից հետո Շահեն Հարությունյանը չի դիմի ոստիկանություն. խեղկատակություն է
Երևանում ՌԴ դեսպանատան մոտ երեկ՝ ապրիլի 21-ի երեկոյան կազմակերպված «Ձեռքներդ հեռու Արցախից» ակցիայից հետո ակտիվիստ Շահեն Հարությունյանը հրավիրվել է ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մոտ՝ առանձնազրույց ունենալու նպատակով: Շահեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ երեկ գիշերը՝ մոտ 1 ժամ, գտնվել է Երևանի ոստիկանական վարչությունում։
 
«Հանրահավաքից հետո մտել ենք Երևանյան պանդոկ, որտեղից դուրս ենք եկել երկու ժամ անց՝ ժամը 23.30-ի սահմաններում։ Մոտեցել են ոստիկանները և տեղեկացրել, որ Երևանի ոստիկանապետը ցանկանում է զրուցել իմ հետ։ Գնացինք ոստիկանություն։ Մոտ մեկ ժամ սպասելուց հետո սկսվեց մեր զրույցը։ Զրուցն ընթացավ՝ առանց մորս և այլ ոստիկանների։ Նրանց դուր չէր եկել այն փաստը, որ ես քննադատական ելույթներ եմ ունեցել, ինչպես նաև այրել եմ Սերժի, Ալիևի ու Պուտինի նկարները։ Իրեն ասեցի, որ ես այրել եմ դավաճանների նկարներ։ Զգուշացնում էր ինձ՝ իմ «վզին փաթաթվող» խնդիրների մասին ու նշում, որ սա վերջին զգուշացումն է։ Ես ասեցի, որ պայքարում եմ ու չեմ վախենում խնդիրներից։ Ասեց չես էլ կարող խուսափել՝ «տարիներով կեթաս»»,-գրում է Շահեն Հարությունյանը, հավելելով, որ վստահեցրել է Կարապետյանին, որ հետ չի կանգնելու իր պայքարից և գաղափարներից։
 
Շահենի խոսքով, իր պայքարում իրեն չի կաշկանդում 4 տարվա պայմանական ազատազրկումը։
 
Armtimes.com-ը գրում է ոստիկանության արձագանքի մասին: Մասնավորապես, կայքի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքել է, որ Աշոտ կարապետյանը սպառնացել է Շահեն Հարությունյանին: «Այո, կանչել է, խոսել է: Դա մեր ամենօրյա աշխատանքն է՝ նմանատիպ միջոցառումներից, հավաքներից առաջ: Դա նորմալ գործընթաց է: Իսկ ինչ վերաբերում է սպառնալիքի եւ վիրավորանքի մասին հայտարարությանը՝ դա չի համապատասխանում իրականությանը: Ընդամենը գեներալ-մայորը կոչ է արել բոլոր գործողությունները օրենքի սահմաններում տեղավորել»,- ընդգծել է Ահարոնյանը:
 
Shabat.am-ը զրուցել է Շահեն Հարությունյանի հետ ոստիկանության արձագանքի մասին: Շահենը նշեց, որ ինքն իր խոսքի մեջ չի հայտնել, որ Աշոտ Կարապետյանը վիրավորանքներ է հասրցել իրեն, և հիմա էլ ոստիկանությունը հաստատում է, որ նման բան չի եղել:
 
«Ինչ վերաբերվում է սպառնալիքներին, ապա ոստիկանության տարածած հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա:
Հարցին, թե չի պատրասվո՞ւմ արդյոք Աշոտ Կարապետյանի սպառնալիքների կապակցությամբ ոստիկանությոն դիմել, Շահեն Հարությունյանը բացասական պատասխան տվեց. «Ես չեմ պատրաստվում, որովհետև եթե ոստիանութան գլխավորը՝ գեներալ-մայորը, անում է հակաօրինական մի բան և դիմեմ իրենից ցացրին, որպեսզի պատժի իրենից բարձրին, ես համարում եմ դա, Աշոտ Կարապետյանի բառերով ասեմ, խեղկատակություն»:
 
Նշենք, որ երեկվանից ֆեյսբուքում ստեղծվել է ‪#‎ՁեռքներդՀեռուՇահենից հեշթեգը: Այդ կերպ բազմաթիվ օգտատերեր իրենց վրդովմունքն են արտահայտում տեղի ունեցածի կապակցությամբ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին