Կարևոր իրադարձություններ

Եթե հանցագործությունները կատարվել են ԼՂՀ-ի տարածքում, Հայաստանի Հանրապետությունն ո՞ր իրավասությամբ պետք է դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան

22 Ապրիլ, 2016 11:19
Եթե հանցագործությունները կատարվել են ԼՂՀ-ի տարածքում, Հայաստանի Հանրապետությունն ո՞ր իրավասությամբ պետք է դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Եթե հանցագործությունները կատարվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, Հայաստանի Հանրապետությունը ո՞ր իրավասությամբ պետք է դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ ՄԱԿ: Խոշտանգման ենթարկված քաղաքացիները հանդիսացել են ԼՂՀ քաղաքացիներ, իսկ զինծառայողները` ԼՂՀ ՊԲ զինծառայողներ: Հասարակության շրջանում առաջացած հարցերի պատասխանը  Shabat.am-ը փորձել է ստանալ միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանից:

 

-Պարո՛ն   Սիմոնյան, եթե հանցագործությունները կատարվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում,  Հայաստանի Հանրապետությունը  ո՞ր իրավասությամբ պետք է դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ ՄԱԿ:

 Ե՛վ Հայաստանի Հանրապետությունը, և՛ այդ հանցագործություններից տուժող անձինք կարող են դիմել ՄԻԵԴ: Տուժողների դերում կարող են հանդես գալ մահացած անձանց ծնողները, հարազատները, այդ գործողությունների հետրանքով խեղում ստացած անձինք, նրանց ներկայացուցիչները: Նրանք կարող են գործ սկսել Ադրբեջանի հանրապետության դեմ:    

 Ինչ վերաբերվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ապա այստեղ հարց կարող է բարձրացնել ոչ միայն ՀՀ-ն, այլև այն երկրները, որոնք շահագրգռված են միջազգային հանցագործություններ կատարած անձանց, այդ թվում՝ Ադրբեջանի համապատասխան պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում:

 Ցանկացած պետություն, եթե տեսնում է, որ տեղի է ունենում միջազգային նման բնույթի հանցագործություն՝ իրավասու է հարցը բարձրացնել Անվտանգության խորհուրդ, և դրա միջոցով գնալ Միջազգային քրեական դատարան: 

 -Նկատի ունենալով, որ խոշտանգման ենթարկված քաղաքացիները հանդիսացել են ԼՂՀ քաղաքացիներ, իսկ զինծառայողները` ԼՂՀ ՊԲ զինծառայողներ, բայց ԼՂՀ միազգայինորեն ճանաչված չէ, ի՞նչ ընթացակարգով կամ նորմերով պետք է դիմեն միջազգային քրեական դատարան:

  -Քանի որ Ադրբեջանի հանրապետությունը անդամ չէ Միջագային քրեական դատարանին, այս  պարագայում միակ տարբերակը ՄԱԿ-ի  անվտանգության խորհրդի միջոցով  հարցը լուծելն է:

Մենք նշում ենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը կատարել է միջազգային հանցագործություններ և խնդրում ենք, որ այն անձինք, ովքեր մասնակից են եղել այդ հանցագործությունների կատարմանը ենթարկվեն պատասխանատվության՝  միջազգային քրեական դատարանի կողմից:  Այս պարագայում Ղարաբաղի իրավասության հարցը քննարկման առարկա չէ:

 -Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը միջազգային հանրության կողմից ճանաչվի ագրեսոր: 

- Քաղաքական և իրավական. քաղաքականում՝ բոլոր միջազգային կազմակերպություններում պետք է բարձրացվի այդ հարցը, թե՛ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում, թե՛ Անվտանագության խորհրդում, թե՛ եվրոպական կառույցներում ու հնարավորության դեպքում բանաձևեր ընդունվի: Այն ինչը տարիներ առաջ անում էր Ադրբեջանը Հայաստանի դեմ, նույնը և դեռ ավելին պետք է արվի նրանց դեմ:

Այն ժամանակ, եթե թերացել ենք, պետք է հիմա շտկենք և մենք էլ ակտիվանանք քաղաքական մակարդակում, որպեսզի միջազգային կառույցների կողմից նշվի, որ Ադրբեջանը ագրեսոր է, խախտում է ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման միջազգային հիմնարար սկզբունքը:

 -Ունենալով խոշտանգումների վերաբերյալ լուսանկարներ, տեսանյութեր, սա որքանո՞վ օգնի Հայաստանին, որպեսզի դիմի միջազգային կառույցներին:

 -Առանց այդ ապացույցների շատ դժվար կլիներ,  այդ կառույցների արձանքը տեսնելու համար միայն խոսքեր բավարար չեն, անհրաժեշտ են նաև ապացույցներ, որոնցով մեր պնդումները կարող ենք հինավորել:

 Լուսանկարը՝ PanPhoto-ի 

 

 

Լրահոս

Դիտել ավելին