Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության տարածած կեղծիքը

21 Ապրիլ, 2016 22:22
Բացահայտվել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության տարածած կեղծիքը

Ֆրանսիացի հիսունից ավելի քաղաքական գործիչների միավորող Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը մամուլի հաղորդագրություն է տարածել ադրբեջանական հերթական քարոզչական կեղծիքի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հաղորդագրությունում ասվում է․

«Մարտի 15-ին, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը դիմել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարության Վետերանների և Հիշողության պետքարտուղար Ժան-Մարկ Տոդեսկինիին Ադրբեջանի դեսպանության կողմից տարածված տեղեկության հավաստիությունը ստուգելու նպատակով: Ըստ վերոհիշյալ տեղեկության՝ փետրվարի 26-ին, Փարիզում՝ Հաղթանակի Կամարի ներքո, Անհայտ զինվորի շիրիմին իբրև թե տեղի էր ունեցել Խոջալուի զոհերի հիշատակին նվիրված արարողություն։

«Արդեն մի քանի տարի է Բաքվի քարոզչությունը ցինիկաբար օգտագործում է ադրբեջանցի քաղաքացիական զոհերին, միաժամանակ լռելով Ղարաբաղի քաղաքացիական կորուստների մասին, Լեռնային Ղարաբաղի ազատագրական ուժերին զրպարտելու նպատակով», - բացատրեցին Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը և փոխնախագահներ Ռընե Ռուքեն և Գի Տեսյեն:

Ապրիլի 8-ի իր պատասխանում, պարոն Տոդեսկինին հերքել և պաշտոնապես դատապարտել է տեղի ունեցած միջոցառման մասին Ադրբեջանի դեսպանության կողմից տարածված կեղծ տեղեկությունը:

Պետքարտուղարը նշել է, որ արարողությանը «ներկա են եղել մի շարք միություններ» եւ որ, իրոք, Ադրբեջանի դեսպանը ծաղկեպսակ է դրել, որի վրա գրված է եղել «Ֆրանսիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանություն». «գործողություն, որ պարբերաբար իրականացնում են օտարերկրյա պետություններկայացնող բազմաթիվ այլ պաշտոնատար անձինք կրակի կոմիտեի պատասխանատվության ներքո»:

Պարոն Տոդեսկինին նշել է, սակայն, որ միջոցառման վերաբերյալ Ադրբեջանի դեսպանության կողմից իր իսկ ինտերնետային կայքի միջոցով տարածված տեղեկությունը «կեղծ է»:

Պետքարտուղարը եզրափակել է իր նամակը` գրելով .« Ես ափսոսում և դատապարտում եմ փետրվարի 26-ի Կրակի վառման արարողության՝ այս ինտերնետային կայքի միջոցով արված շահարկումը: Պատմությունը և հիշողությունը արժանի են թափանցիկության, ճշմարտության եւ պատասխանատվության մշտական զգացումի: Մենք դա պարտական ենք ​​այն բոլոր զոհերին, ում հարգանքի տուրք ենք մատուցում նման արարողությունների ժամանակ»։

Ադրբեջանական իշխանությունների երկերեսանիությունը կրկին ապացուցող այս բացահայտումներն ի հայտ են գալիս Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի կողմից իրականցված վերջին ռազմական ագրեսիայից անմիջապես հետո:

«Երբ պետությունն ի վիճակի է անամոթաբար ստել Ֆրանսիային և միջազգային հանրությանը մի դեպքի վերաբերյալ, որը տեղի է ունեցել Փարիզի կենտրոնում, ինչպես կարելի է հավատալ հեռավոր Հարավային Կովկասում տեղի ունեցածի շուրջ նրա կորմից ներկայացվածին։ Հեղթանակի Կամարի դեպքը հաստատում է, որ ներկայիս ադրբեջանական ռեժիմը ոչ արժանահավատ է, ոչ՝ վստահելի», - ասել է Ֆրանսուա Ռոշբլուանը:

Բարեկամության շրջանակը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն աղտոտել փորձող այս սուտը վկայում է Բաքվի իշխանությունների ատելությունը նրանց դեմ:

«Այս վտանգավոր ռազմավարությունը խոչընդոտում է հակամարտության խաղաղ լուծմանը: Երբ Ադրբեջանն ամեն օր իր քաղաքացիների մոտ սերմանում է հայատյացություն, ինչպես կարելի է հասնել տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության: Տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերը, ինչպես նաև ադրբեջանցիները այս քաղաքականության զոհն են, որի ողջ պատասխանատվությունը կրում է Բաքվի ռեժիմը»,- բացատրել է Ֆրանսուա Ռոշբլուանը՝ եզրահանգելով, որ «միջազգային հանրությունը Ադրբեջանում պե տք է այսուհետ գտնի և խրախուսի այլ ուժերի»:

 

Լրահոս

Դիտել ավելին