Կարևոր իրադարձություններ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կոչը. դիմումների վերջնաժամկետը երկարացվել է

26 Հոկտեմբեր, 2015 17:23
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կոչը. դիմումների վերջնաժամկետը երկարացվել է

Ս.թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով նախատեսվում է ամբողջությամբ փոխել Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը, բացառությամբ երկու հոդվածի:

Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները մշտապես ուղեկցվում են կոպիտ խախտումներով, որոնք ոտնահարում են քաղաքացիների ազատ կամարտահայտման ու հավասար ընտրական իրավունքը և արգելակում ժողովրդի իշխանության լիարժեք իրացումը: Վերջին տարիներին հատկապես ակտիվորեն սկսել է օգտագործվել Հայաստանից բացակայող քաղաքացիների հաշվին՝ մասնակցության թվի և ընտրությունների արդյունքների կեղծման գործիքը:

Հաշվի առնելով սահմանադրության կարևորությունը պետականության կայացման և գոյության հարցում և մեր երկրում առկա ժողովրդի քվեի կեղծման արատավոր պրակտիկան՝ չափազանց կարևոր է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական հանրաքվեի օրինականության նկատմամբ վերահսկողությունը և դրանում քաղաքացիների ուղղակի և զանգվածային ներգրավումը:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը նախատեսում է համախոհ գործընկերների հետ իրականացնել լայնածավալ դիտորդական առաքելություն Հայաստանի ողջ տարածքում՝ կանխելու իրավախախտումները և վերահսկելու հանրաքվեի գործընթացի համապատասխանությունը Հայաստանի օրենսդրությանը և միջազգային չափանիշներին:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր կիսում են այս մտահոգությունը և շահագրգռված են արդար և ազատ ընտրություններով, միանալ մեր դիտորդական առաքելությանը՝ հանդես գալով որպես հավատարմագրված դիտորդ կամ զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչ՝ համատեղ ջանքերով կանխարգելելու հանրաքվեի ընթացքի խաթարումը և արդյունքների կեղծումը:

Դիտորդների համար նախապես կկազմակերպվի դասընթաց և կտրվի իրավաբանական խորհրդատվություն: Իրավախախտումները կբողոքարկվեն համապատասխան մարմիններում:

 

Լրահոս

Դիտել ավելին