Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում վերջին մեկ օրվա ընթացքում ինքնասպանության 4 դեպք է արձանագրվել

21 Ապրիլ, 2016 18:14
Ադրբեջանում վերջին մեկ օրվա ընթացքում ինքնասպանության 4 դեպք է արձանագրվել

Վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանում ինքնասպանության 4 և ինքնասպանության փորձի մեկ դեպք է արձանագրվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Գուսարի շրջանում ինքնասպանություն է գործել 15-ամյա աղջիկ՝ նետվելով ջրանցքը: Նրա մարմինը հաջողվել է գտնել և դուրս բերել միջադեպի վայրից մի քանի կիլոմետր հեռու:

Lent.az-ի համաձայն Բաքվի Բինագադիի շրջանում տան բակում կախվելով ինքնասպանություն է գործել 34-ամյա Այնուրա Մամեդովան: Բինագադի ավանի 58-ամյա բնակիչ Սալիմխան Մամեդովը կախվել է իր բնակարանում:

Ըստ APA-ի նման միջադեպ է տեղի ունեցել Բաքվի Նիզամիի շրջանում: Քեշլա ավանի 68-ամյա բնակիչ Աքիֆ Աղաջանովը կախվել է սեփական տանը:

Բաքվում 39-ամյա Էլչին Գուլիևը փորձել է ինքնասպանության նպատակով նետվել Բաբեկի պողոտայի կամրջից: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է նրան հետ պահել այդ մտադրությունից:

Վերջին տարիներին Ադրբեջանում բոլոր տարիքային խմբերի քաղաքացիների ինքնասպանությունների թիվն այնքան արագորեն է աճել, որ այն աշխարհում արդեն ճանաչվում է որպես «ինքնասպանությունների երկիր»:

Այս մասին «Ազադլըգ» թերթին հայտնել է Ադրբեջանի հոգեբանական առողջության կենտրոնի շտապ հոգեբանական օգնության բաժնի ղեկավար Քեմալե Թալիբովան Բաքվում կազմակերպված միջոցառման ժամանակ: Նա հայտնել է, որ 2015 թվականին Ադրբեջանում 535 քաղաքացի ինքնասպանություն է գործել, որոնցից 29-նն անչափահասներ են եղել:

«Վերջին տարիներին գրանցվում են ինքնասպանության դեպքեր և երեխաների, և տարեցների մոտ: Ինքնասպանություն կատարողների մեջ գերակայում են 18-35 տարեկան քաղաքացիները»,- ասել է նա՝ առանձնացնելով ինքնասպանության պատճառների մեջ ամենատարածվածները՝ սոցիալական խնդիրներ, ընտանեկան վեճեր, հոգեբանական խախտումներ:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում հոգեբան Ազադ Իսազադեն հայտնել է, որ 2011 թվականից սկսած Ադրբեջանում ինքնասպանությունների թիվը մեծացել է, իսկ վերջին մեկ տարում նավթի գների անկման հետևանքով ադրբեջանական մանաթի 100 տոկոսով արժեզրկումից հետո Ադրբեջանում մեծացել է բանկերին վարկային պարտքեր ունենալու պատճառով ինքնասպանությունների թիվը՝ կապված այն բանի հետ, որ դոլարային հաշվարկով ամսական վճարների չափը մեծացել է:

Ադրբեջանում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի անցկացվում: Սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, այս տարվա ընթացքում այդ երկրում արդեն գրանցվել է ինքնասպանության 115 դեպք, որոնցից 9-ն անչափահասներ են եղել, և 70 ինքնասպանության փորձ է կատարվել: Գրանցվել է նաև ինքնահրկիզման 14 փորձ, որոնցից 10-ը մահվան ելքով ավարտ է ունեցել: Փորձագետների կարծիքով 115 ինքնասպանություններից 50-ը տեղի է ունեցել քաղաքացու «բանկային պարտքի» կամ «նյութական անկարողության» պատճառով:

 

Լրահոս

Դիտել ավելին